Մատչելիության հղումներ

Սոցցանցերը հեռացնում են կորոնավիրուսի մասին Թրամփի գրառումները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի թեմայով ճեպազրույցին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 4 օգոստոսի, 2020թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի թեմայով ճեպազրույցին, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 4 օգոստոսի, 2020թ.

Թրամփը նորից կիրառել է «չինական գրիպ» եզրույթը

Կորոնավիրուսով ախտահարվածների թիվն աշխարհում աստիճանաբար մոտենում է 19 միլիոնին, մահացել է ավելի քան 706 հազար մարդ:

Վարակից առավել տուժած երկիրը Միացյալ Նահանգներն է, որտեղ հիվանդացել է ավելի քան 4 միլիոն 800 հազար մարդ, մահացել է շուրջ 158 հազար հիվանդ:

Այս բարդ վիճակում ամերիկացիները փորձում են լուծել ուսումնական տարվա խնդիրը՝ բացե՞լ դպրոցները, հետաձգե՞լ, թե՞ առցանց աշխատել: Նախագահ Դոնալդ Թրամփի պնդմամբ, ուսումնական տարվա մեկնարկը չի կարելի հետաձգել:

Fox հեռուստակայանին տված հարցազրույցում նա նույնիսկ ասել է, թե երեխաները «գրեթե իմունիտետ ունեն և շատ հեշտ են տանում վարակը»: Սոցիալական ամենահզոր ցանցերն իրենց էջերից հեռացրել են Թրամփի այդ մեկնաբանությունը:

Ավելի ուշ, փոքր-ինչ փոխելով ձևակերպումը, ԱՄՆ նախագահը կրկին պնդել է, թե կորոնավիրուսը գրեթե չի ազդում երեխաների վրա:

«Ես խոսում եմ ծանր հիվանդների մասին, ես նկատի ունեմ, որ երեխաներն ի զորու են հեշտությամբ դիմագրավել, և դա հրաշալի է, որովհետև գրիպի որոշ տեսակների դեպքում այդպես չէ, նրանք հիվանդանում են, երբեմն ծանր, բայց ինչ-ինչ պատճառներով, երեխաները շատ լավ են տանում այդ չինական գրիպը, եթե վերլուծեք հիվանդացության և մահացության թվերը, կտեսնեք, որ մինչև որոշակի տարիքի երեխաների իմունային համակարգը շատ-շատ հզոր է», - ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը վեստին օգտագործել է «չինական գրիպ» եզրույթը, թեպետ միջազգային հանրության շրջանում կա համաձայնություն խուսափել վարակը որևէ երկրի անվան հետ կապելուց, քանի որ դա և՛ պարկեշտ չէ, և՛ չի համապատասխանում գիտական չափանիշներին:

«Թրամփը կեղծ և վնասակար ինֆորմացիա է տարածել»

Մոլորակի առաջատար սոցիալական ցանցերը՝ Ֆեյսբուքը և Թվիթերը հեռացրել են Թրամփի պնդումներն այն մասին, թե երեխաներն, իբր, հեշտ են տանում վարակը, և դա պատճառաբանել են կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածումը կասեցնելու քաղաքականությամբ:

Ֆեյսբուքն իր էջից ջնջել է Թրամփի հարցազրույցի հոլովակը, հայտարարելով, որ «նախագահը կեղծ և վնասակար ինֆորմացիա է տարածում այն մասին, որ երեխաների մոտ կա իմունիտետ կորոնավիրուսի դեմ»:

Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ Ֆեյսբուքը նախագահի անունից տեղադրված նյութ է հեռացնում դրա բովանդակության մասին սոցցանցի կանոնները խախտելու համար:

«Երեխաները չունեն իմունիտետ կորոնավիրուսի նկատմամբ»

Մասնագետները նշում են, որ երեխաները չունեն կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ, թեպետ երեխաների շրջանում մահացության թիվը տարիքային այլ կատեգորիաների համեմատությամբ ակնհայտ փոքր է: Մասնագետներն ընդգծում են, որ մանկահասակներն ու երեխաները կարող են վարակվել և վարակել ուրիշներին:

Թվիթերը ժամանակավոր արգելափակել է Թրամփի էջը, քանի որ գրառման մեջ եղել է հատված Fox-ին տված վերոհիշյալ հարցազրույցից:

Թրամփը նաև պնդել է, թե «վիրուսը կհեռանա Ամերիկայից, արդեն հեռանում է»: Նա այդ մասին Fox-ի թղթակցին ասել է, չնայած ԱՄՆ-ում վարակի անդադար տարածմանը և մահացության դաժան վիճակագրությանը:

Միլիարդավոր դոլարներ վակցինայի ծրագրին

Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար պատուհաս դարձած այս կորոնայի վերջը վակցինան կտա:

Ամերիկան միլիարդավոր դոլարներ է հատկացրել պատվաստանյութ ստեղծելուն: Խնդրի վրա են աշխատում Johnson & Johnson, Pfizer, Moderna, Novavax և բիոտեխնոլոգիական ու դեղագործական այլ ընկերություններ:

ԱՄՆ կառավարությունը պատրաստ է Johnson & Johnson-ին վճարել ավելի քան մեկ միլիարդ դոլար 100 միլիոն դեղաչափի համար: Պատվաստանյութի մեկ դեղաչափի գինը դեռ հայտնի չէ, այսօրվա դրությամբ կա վակցինայի առնվազն 19 նախնական տարբերակ, դեղաչափի արժեքը կարող է կազմել 40-ից 90 դոլար:

2021-ին կարտադրվի վակցինայի միլիարդ դեղաչափ

Ամերիկացի առաջատար համաճարակաբան դոկտոր Էնթոնի Ֆաուչին ենթադրում է, որ լավատեսական լուրեր կլինեն 2021-ի տարեսկզբին:

«Տարեսկզբին, հավանաբար, կունենանք պատվաստանյութի միլիոնավոր դոզաներ, բայց արտադրողները խոստանում են տարվա ընթացքում տրամադրել արդեն հարյուր միլիոնավոր դոզաներ, իսկ 2021-ի տարեվերջին գուցե միլիարդ դեղաչափ կարտադրվի, իմ կարծիքով, գործը բավական բարենպաստ արագությամբ է ընթանում», - ասել է դոկտոր Ֆաուչին:

XS
SM
MD
LG