Մատչելիության հղումներ

Իտալիան սպառնում է արգելել Ryanair ընկերության թռիչքները


Իտալիան սպառնում է արգելել «Ռայնէյր» (Ryanair) ընկերության թռիչքները: Երկրի ավիահաղորդակցության ոլորտը համակարգող գերատեսչությունն իռլանդական ավիափոխադրողին մեղադրում է կարանտինի կանոնները համակարգված կերպով խախտելու մեջ:

Իտալիայի քաղավիացիայի վարչությունը տարածած հայտարարությամբ սպառնում է արգելել բյուջետային ավիաընկերության կողմից իրականացվող թռիչքները դեպի Իտալիա՝ պնդելով, որ Ryanair-ը չի հետևում կարանտինի պայմաններում անվտանգության կանոններին, որոնք սահմանվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Իտալական պետական մարմինը նախազգուշացնում է՝ եթե իռլանդական ավիաընկերությունը շարունակի հետագայում էլ խախտել հակահամաճարակային կանոնները, ապա կառավարությունը ընկերությունից կպահանջի ապահովել օդանավի նստատեղերի միայն կեսը կամ ընդհանրապես կարգելի թռիչքները դեպի Իտալիա։

Ryanair-ը, որը չվերթներ է իրականացնում դեպի շուրջ երեք տասնյակ իտալական ուղղություններով, հերքում է մեղադրանքները՝ դրանք որակելով նյարդային։ «Ryanair-ը լիովին հետևում է Իտալիայի կառավարության սահմանած կանոններին, և մեր հաճախորդները կարող են վստահ լինել, որ մենք անում ենք հնարավորը, որպեսզի նվազագույնի հասցնենք շփումները ինչպես մեր օդանավերում, այնպես էլ օդանավակայաններում՝ մեր ուղևորների առողջությունը պաշտպանելու նպատակով»,- ի պատասխան հայտարարել է ավիաընկերությունը:

Իտալիան կորոնավիրուսից ամենաշատը տուժած եվրոպական երկրներից է, որտեղ վարակը խլել է ավելի քան 35 հազար մարդու կյանք, պաշտոնական տվյալների համաձայն` վարակվել է շուրջ 248 հազար հոգի: Համազգային կարանտինը Իտալիայում տևել է շուրջ երկու ամիս՝ մարտից մինչև մայիս։ Հակահամաճարակային սահմանափակումների պատճառով երկիրը բախվել է աննախադեպ ծանր ֆինանսական և տնտեսական ճգնաժամի, աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը համարվող երկրում զբոսաշրջիկների բացակայության, ինչպես նաև արդյունաբերության, արտահանման ծավալների կտրուկ կրճատման պատճառով իշխանությունները կանխատեսում են ՀՆԱ-ի 10-15 տոկոս նվազում։

Մայիսի 18-ից իտալական կառավարությունը վերաբացել է տնտեսությունը, ներքին և արտաքին սահմանները խիստ հակահամաճարակային կանոնների պահպանման պայմանով` մասնավորապես ավիափոխադրողներից պահանջելով ապահովել սոցիալական հեռավորության հնարավորություն մինչև թռիչքը, վայրէջքից հետո և ավտոբուսներով ուղևորներին փոխադրելու ժամանակ։ Բացի այդ, ուղևորներն ու օդանավի անձնակազմը պետք է կրեն դիմակներ թռիչքի ողջ ընթացքում և դրանք փոխեն յուրաքանչյուր չորս ժամը մեկ։ Պաշտոնական Հռոմը պնդում է, որ բյուջետային ավիաընկերությունը դրանք պարբերաբար խախտում է, ինչը չի նպաստում վարակի տարածումը կանխելուն ուղղված ջանքերին:

XS
SM
MD
LG