Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահը հետաքրքրվել է նախօրեին Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունի մանրամասներով՝ իր խորին մտահոգությունը հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սարգսյանն իր անհանգստություն է հայտնել պայթյունից տուժած հայահոծ Բուրջ Համուդ թաղամասի իրադրության, Մայրավանքի կրած վնասների և լիբանանահայ մեր հայրենակիցների վիճակի կապակցությամբ:

Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ պայթյունի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, որոնց թվում կան նաև հայեր: Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել պայթյունից վիրավորված մեր հայրենակիցներին:

Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 70 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են, քաղաքի մի մասը փլատակների է վերածվել: Երկրում երեք օր սուգ է հայտարարվել:

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ այս պահի տվյալներով զոհվածների թվում կան վեց հայեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG