Մատչելիության հղումներ

Բելառուսի ընդդիմության հույսը «մերօրյա Ժաննա դ'Արկն է»


Ընդդիմադիր գործիչ Վալերի Ցեպկալոն, արխիվ

«Բելառուսի ընդդիմության հույսը մնացել է մերօրյա Ժաննա դ'Արկը», - Մոսկվայում «Ռոյթերս»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ընդդիմադիր գործիչ Վալերի Ցեպկալոն, ով անցած ուրբաթ գիշերով Մինսկից փախել է Ռուսաստան, իր հետ վերցնելով 7-ամյա երկվորյակ տղաներին։

«Այս անգամ ես ստիպված էի հեռանալ, եթե ինձ կալանավորեին, ես չէի կարող բաց խոսել, թե ինչ է կատարվում Բելառուսում։ Եթե մեր երեխաներին վերցնեին մեզանից, դա շատ ուժեղ լծակ կլիներ մեզ վրա, մեր գործընթացի վրա ազդելու համար», - ասել է նա։

Նախկին դիվանագետ, ԱՄՆ-ում Բելառուսի նախկին դեսպան Ցեպկալոն մտադիր էր մասնակցել օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել նրա թեկնածությունը։ Չնայած նա դուրս էր մնացել ընտրապայքարից, բայց պնդել է, որ ձերբակալման վտանգի տակ էր, նույնիսկ հրահանգն արդեն տրված էր, ուստի երեխաներով շտապ հեռացել է Բելառուսից, Մոսկվա են եկել, որովհետև Բելառուսի միակ բաց սահմանը Ռուսաստանի հետ է։

Ռուսական RBC-ին տված հարցազրույցում նա ասել է, թե իրեն տեղեկացրել են, որ ձերբակալելու հրահանգն արդեն տված է, իսկ դպրոցական տղաները կարող էին արժանանալ նույն ճակատագրին, ինչ տեղի է ունեցել 2010 թվականին նախագահի թեկնածու Անդրեյ Սաննիկովի ընտանիքի հետ։ Սաննիկովն ու կինը ձերբակալվել էին, իսկ նրանց երեխային տատիկի մոտից վերցել ու մանկատուն էին հանձնել։

Ցեպկալոն ասել է, որ շաբաթավերջին դատախազության աշխատակիցները դպրոց են գնացել, ուսուցիչներից հայտարարություններ վերցրել իր երեխաների մասին, դրանից հետո արդեն որոշել են շտապ հեռանալ երկրից, հավաքել են ամենաանհրաժեշտ իրերն ու միկրոավտոբուսով հասել Մոսկվա։ Հույս ունի՝ Ռուսաստանն իրեն չի արտահանձնի։

Վալերի Ցեպկալոն առաջադրվել էր նախագահի թեկնածու, գրանցվելու համար անհրաժեշտ է առնվազն 100 հազար ընտրողների ստորագրություն հավաքել, նրա նախընտրական թիմը շատ ավելի՝ 160 հազար ստորագրություն էր ներկայացրել, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արժանահավատ էր համարել 74 հազար ստորագրությունը, պնդել էր, որ մյուսները կեղծ են, և մերժել էր նրան գրանցել նախագահի թեկնածու։

Բելառուսցի քաղաքագետները գործող նախագահ, նախագահի թեկնածու Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ պայքարում 3 հիմնական թեկնածուների անուն էին նշում՝ Վալերի Ցեպկալո, բլոգեր Սերգեյ Տիխանովսկի և «Բելգազպրոմբանկի» նախկին կառավարիչ Վիկտոր Բաբարիկո։ Վերջին երկուսը ձերբակալված են, Ցեպկալոն փախել է Մոսկվա։

Վալերի Ցեպկալոն համարում է, որ մերօրյա Ժաննա դ'Արկը բլոգեր Սերգեյ Տիխանովսկու կինն է՝ Սվետլանա Տիխանովսկայան, նա գրանցվել է նախագահի թեկնածու և ընդդիմությունը կարող է համախմբվել նրա շուրջ։ Վալերի Ցեպկալոյի կինը՝ Վերոնիկա Ցեպկալոն, ձերբակալված նախկին բանկիրի նախընտրական թիմը ևս միացել են Սվետլանա Տիխանովսկայայի քարոզարշավին, և կանանց թիմը գնում է պայքարի 1994 թվականից ի վեր անփոխարինելի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։

«Ռոյթերս»-ի հարցազրույցում Վալերի Ցեպկալոն խստորեն քննադատել է Լուկաշենկոյին, ասելով, որ նա վախենում է բաց քննարկումներից, վախենում է բաց, արդարացի և թափանցիկ ընտրություններից:

«Նա միայն ցանկանում է մնալ իշխանության և շահագործել Բելառուսի ժողովրդին, ծծել ժողովրդի արյունը։ Նա շատ լավ է ապրում, 19 նստավայր է կառուցել ու ֆանտաստիկ կյանք է վայելում, ինչո՞ւ պիտի հրաժարվի սքանչելի կյանքից, երբ մարդիկ չեն կարող բառ անգամ ասել», - ասել է ընդդիմադիր գործիչը։

Նա ընդգծել է, որ Լուկաշենկոն առանց որևէ մեկին ասելու պետբյուջեից կարող է իր ցանկացած գումարը վերցել, առանց որևէ հաշվետվության խորհրդարանի առաջ, որովհետև խորհրդարանում ընդդիմադիրներ չկան։

«Նա կարող է հրահանգներ տալ Գերագույն դատարանին կամ որևէ դատարանի՝ ընդունել իր ուզած որոշումները։ Լուկաշենկոն իր համար շատ հարմարավետ կյանք է ստեղծել և չի ցանկանում որևէ մրցակցություն, և ոչ մի պարագայում չի ցանկանում հեռանալ իշխանությունից։

Նա Բելառուսի ժողովրդին զրկել է քաղաքական ազատություններից, զրկել է տնտեսական զարգացումից։ Սա է պատճառը, որ հասարակությունը սկսել է բողոքել, ինչպես նաև բազմաթիվ այլ պատճառներ, ներառյալ նրա վարքագիծը կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Տրակտոր վարելու, օղի խմելու ու սաունա գնալու խորհուրդը իսկապես սարսափելի է։ Սա միակ ճանապարհն է, որ նա բելառուսցի ժողովրդին առաջարկել է կորոնավիրուսի դեմ պայքարում», - նշել է Ցեպկալոն։

Իր առաջիկա պլանների մասին Վալերի Ցեպկալոն ասել է, թե հուսով է կայցելի Ուկրաինա և Լեհաստան՝ ներկայացնելու իր երկրի քաղաքական խնդիրները։

Տուն վերադառնալու մասին ասել է, որ հույս ունի որքան հնարավոր է շուտ վերադառնալ, սիրում է իր երկիրը, ցանկանում է այն տեսնել բարեկեցիկ, ժողովրդավար ու բարգավաճ։


XS
SM
MD
LG