Մատչելիության հղումներ

Փաշինյանը հույս ունի, որ սեպտեմբերին կարձանագրվի կորոնավիրուսային ճգնաժամի ավարտը


Վերջին 15 օրում կորոնավիրուսի համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել և բարելավվում է, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հույս հայտնելով, որ սեպտեմբերին կարձանագրվի ճգնաժամի ավարտը։

Նախօրեին 1374 թեստավորվածներից կորոնավիրուս է հաստատվել 259-ի` այսինքն մոտ 19 տոկոսի մոտ։

«Երեկ ունեցել ենք 259 նոր ախտորոշման դեպք և վեց օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր, իսկ նման իրավիճակ, որ վեց օր մեր դեպքերը լինեն 400-ից պակաս, այսինքն մայիսի 24-ի դրությամբ է այդպիսի իրավիճակ արձանագրվել, այսինքն մայիսի 24-ից ետ՝ վեց օր: Այս ամենը նշանակում է, որ մենք շանս ունենք, եթե շատ պատկերավոր ասենք, ջարդելու այս համավարակի ողնաշարը», - ասաց վարչապետը:

Այս պահին տանը և հիվանդանոցներում բուժում է ստանում 8 հազար 877 քաղաքացի։

«Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ մենք ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք, երեկվա դրությամբ դրական ախտորոշված և չառողջացած դեպքերը 8 հազար 877 են: Հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել», - ընդգծեց կառավարության ղեկավարը:

Փաշինյանի խոսքով՝ կասկած չկա, որ վիճակի բարելավվումը կապված է հակահամաճարակային կանոնները պահպանելու հետ, այն է՝ սոցիալական հեռավորություն պահելը, դիմակ դնելն ու ձեռքերը պարբերաբար ախտահանելը։

«Ի վերջո մենք պիկը գոնե այսօրվա դրությամբ ունեցել ենք հուլիսի 6-ին, և այդ պահին արդեն թվերն այնքան ահագնացող էին, որ նաև հանրության համար ունեցան սթափեցնող նշանակություն: Ուզում եմ ասել, որ այս պրոցեսի անկյունաքարն, այնուամենայնիվ, դիմակների պարտադիր կրումն է: Մենք համոզված ենք, մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմակների պարտադիր կրումն է, որ էն մյուս ջանքերը դարձնում է առավել արդյունավետ: Մեր քաղաքացիներին խնդրեմ նաև, որ հոգեհանգիստների, հուղարկավորությունների արարողությունների ժամանակ լինեն ծայրահեղ ուշադիր և պահպանեն հակահամաճարակային կանոնները կամ պարետատան սահմանած նորմերը նաև հարսանյաց արարողությունների կազմակերպման ժամանակ, և ընդհանրապես միջոցառումներ կազմակերպելու ժամանակ», - ասաց վարչապետը:

Մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի, տեղեկացրեց վարչապետը, հավելելով՝ սա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք կարող էին իրենց հանգիստն անցկացնել արտերկրում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից: Փաշինյանն ընդգծեց՝ միևնույն ժամանակ տեսչական մարմիններն այս ընթացքում պետք է հատուկ ուշադրություն դարձնեն հանգստի գոտիներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

Հիշեցնենք, օրեր առաջ այս կանոնների խախտման դեպք էր արձանագրվել «Սպիտակ Շորժա» լողափում, որի գործունեությունը 14 օրով դադարեցվեց։ Համացանցում էին տարածվել այնտեղ անցկացված բազմամարդ խնջույքի կադրեր, հակահամաճարակային կանոնները խախտողների թվում էր նաև իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Մենք հիմա ձևակերպում ենք խնդիր, որ մենք համաճարակն, ըստ էության, որպես օրակարգի հարց դուրս բերենք մեր հանրային կարգի օրակարգից: Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր ընդհանրապես չլինեն Հայաստանի Հանրապետությունում, սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեպքերը լինեն այն աստիճանի և այն մակարդակի վրա, որ մենք դա չհամարենք առնվազն առողջապահական առումով ճգնաժամ: Հետևաբար, այո, մենք այսօր այդ շանսը, հնարավորությունը ունենք: Ինչքանո՞վ կիրացնենք այդ շանսը, կախված է և՛ պետական մարմինների, և՛ մեզնից յուրաքանչյուրի, և՛ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվության մակարդակից», - ընդգծեց Փաշինյանը:

Նվազել է նաև ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը։ Երեկ առողջապահության նախարարը հայտարարեց՝ եթե նախկինում նրանց թիվը տատանվում էր 650-ի շրջանակներում, ապա հիմա այն մինչև 500 է, ինչը, ըստ նախարարի, բերելու է մահվան դեպքերի նվազմանը։

Առողջապահության նախարարությունը հայտնում է՝ մարտի 1-ից մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 հազար 196 դեպք, 28 հազար 366-ն առողջացել է։ Միայն երեկ առողջացել է 542 քաղաքացի, մահացել՝ քրոնիկական հիվանդություն ունեցող 5 հոգի։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 728 է, մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 225 մարդ:

XS
SM
MD
LG