Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 259-ով, բուժվածներինը՝ 542-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք


Բուժաշխատողը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմաց կանգնած շտապ բուժօգնության ավտոմեքենայի մոտ, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 259-ով՝ հասնելով 38 հազար 196-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 542-ով և հասել 28 հազար 366-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1374 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 161 հազար 754-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 728-ի, ևս 225 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 877 մարդ:

«Մենք շանս ունենք ջարդելու այս համավարակի ողնաշարը», - այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հույս հայտնելով, որ «կկարողանանք սեպտեմբերին արձանագրել ճգնաժամի ավարտը»:

«Վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է և բարելավվում է», - ասաց վարչապետը՝ մանրամասնելով. - «Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք, երեկվա դրությամբ դրական ախտորոշված և չառողջացած դեպքերը 8 հազար 877 են՝ հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել: Երեկ ունեցել ենք 259 նոր ախտորոշման դեպք և վեց օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր, իսկ նման իրավիճակ, որ վեց օր մեր դեպքերը լինեն 400-ից պակաս, մայիսի 24-ի դրությամբ է այդպիսի իրավիճակ արձանագրվել, այսինքն՝ մայիսի 24-ից ետ վեց օր»:

«Սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն», - ասաց պետության ղեկավարը՝ առաջինն ընդգծելով պետական կառավարման բոլոր մարմինների հատուկ պատասխանատվությունը:

«Բոլոր տեղերում պետք է հստակ հակահամաճարակային կանոնները պահպանվեն՝ դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում հերթերի ձևով, ընդ որում՝ ոչ միայն մուտքից ներս, այլև <...> դրսում նույնպես պետք է հերթերը կարգավորվեն», - նշեց վարչապետը:

«Իհարկե, այս ամենը չի կարող որևէ արդյունք ունենալ, եթե նույնպիսի պատասխանատվություն կամ առնվազն այդ պատասխանատվությունը չկիսեն մեր սիրելի հայրենակիցները, քաղաքացիները, որոնցից ակնկալվում է հակահամաճարակային կանոնների պահպանում՝ դիմակի պարտադիր կրում, սոցիալական հեռավորություն և ձեռքերի պարբերաբար ախտահանում», - ասաց Փաշինյանը:

«Որևէ կասկած չկա, որ, իհարկե, այս իրավիճակի բարելավումը հակահամաճարակային կանոնների պահպանման և թույլ տվեք ասել՝ նաև քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունք է: Ի վերջո, մենք պիկը՝ գոնե այսօրվա դրությամբ, ունեցել ենք հուլիսի 6-ին, և այդ պահին արդեն թվերը այնքան ահագնացող էին, որ նաև հանրության համար ունեցան սթափեցնող նշանակություն», - շեշտեց վարչապետը:

Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ «այս պրոցեսի անկյունաքարը, այնուամենայնիվ, դիմակների պարտադիր կրումն է»: «Եվ մենք համոզված ենք, մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմակների պարտադիր կրումն է, որ էն մյուս ջանքերը դարձնում է առավել արդյունավետ», - հայտարարեց պետության ղեկավարը:

XS
SM
MD
LG