Մատչելիության հղումներ

Պարետի որոշմամբ 14 օրով արգելվել է «Սպիտակ Շորժա» լողափի գործունեությունը


ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը («Իմ քայլը») «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտում

Հուլիսի 26-ին «Սպիտակ Շորժա» լողափում անցկացված բազմամարդ խնջույքի կադրերը համացանցում քննարկվեցին ոչ միայն այն պատճառով, որ համավարակի օրերին հակահամաճարակային կանոններ էին խախտվել, այլև որ խախտողների թվում էր ոչ մեկ անգամ սկանդալային պատմությունների կենտրոնում հայտնված իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես շաբաթներ առաջ քաղաքացիներին դիմակ կրելու կոչեր անող պատգամավորը բազմամարդ միջոցառմանը մասնակցում առանց դիմակի, չի պահում սոցիալական հեռավորությունը:

Կադրերը լրատվամիջոցներում հայտնվելուց հետո լողափում ստուգումներ է անցկացրել տեսչական մարմինը և պարետի որոշմամբ Սևանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու գործունությունը դադարեցվել է աննախադեպ ժամկետով՝ 14 օրով:

Ըստ արձանագրության՝ խախտվել են կենդանի կատարմամբ երաժշտության արգելքի, մասսայական միջոցառումներ չկազմակերպելու, աշխատակիցների ու հանգստացողների դիմակ կրելու և մի շարք այլ պահանջներ։

Համերգին երգել է Գոռ Սուջյանը, երգիչը հայտարարեց իրեն ասել են, թե պարետատան հետ ամեն ինչ հստակեցված է եղել:

Պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը բացառում է, որ պարետատունը որևէ մեկին նման թույլտվություն կամ երաշխիք կարող էր տալ. – «Պարետատան հետ որևէ կերպ համաձայնեցված չէր եղել: Պարետատունը որևէ կերպ չի կարող թույլ տալ որևէ կանոնի խախտում»:

«Սպիտակ Շորժա» լողափի մենեջեր Վարդան Սիմոնյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել պարետի որոշումը։ Կարծում են, որ անհամաչափ որոշում է կայացվել։ Բացի այդ, համերգը կազմակերպել են ոչ թե իրենք այլ «Բեմել» ընկերությունը, իրենք ընդամենը տարածք են տրամադրել:

Երեկոյից կադրեր հրապարակած լրատվամիջոցները գրեցին, թե փարթին կազմակերպել է իմքայլական պատգամավորը, ով նաև առնչություն ունի «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հետ։ Պատգամավորը ֆեսյբուքյան գրառմամբ հերքեց այս պնդումները, ասաց, թե անզգուշությամբ է մի պահ դիմակը հանել։ Մինչդեռ առանց դիմակ պատգամավորը կադրերում երևում է օրվա տարբեր ժամերին։

Հակասության և մյուս լուրերի մասին Հայկ Սարգսյանին հարցնել չհաջողվեց ողջ օրվա ընթացքում նա մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց։

«Սպիտակ Շորժայից» ևս հերքում են, թե հանգստյան գոտին պատկանում է Հայկ Սարգսյանին, ասում են, որ սեփականատերը Արտյոմ Մելքումյանն է, իսկ պատգամավորը բարի հետևում համակարգչի դիմաց նստելու հնարավորություն է ունեցել, որպես մշտական հաճախորդ:

Արտակարգ դրության հինգերորդ ամսում, այդ թվում պաշտոնյաների կողմից հավաքների արգելիքի խախտման դեպքերի մասին հրապարակումները մամուլում ավելի ու ավելի են շատանում։ Նման մի հրապարակում էլ առնչվում էր ոստիկանապետին. «Հրապարակը» գրեց, որ հուլսիի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում բազմամարդ խնջույք է կազմակերպել Վահե Ղազարյանը։

Ոստիկանությունից դա հերքում են. – «Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ բոլոր կանոնները պահպանվել են: Եվ դա խնջույք չի եղել, եղել է արարողակարգային միջոցառում»:

Պաշտոնյանների կողմից հակահամաճարակային կանոնների խախտումն ինչ քաղաքական հետևանք է ունենալու, եթե հաշվի առնենք որ ամիսներ առաջ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի աշխատանքից հեռացման պատճառը որդու հարսանեկան արարողություն էր դարձել, իսկ նախկին ոստիկանապետի հրաժարականն էլ հենց այդ համատեքստում էր։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ հրավիրված ասուլիսին գործընկերոջ թույլ տված խախտման հետևաքների մասին չէր խոսել, միայն ասել էր պատգամավորը ներողություն է խնդրել խմբակցության անդամներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG