Խաբարովսկի նորանշանակ նահանգապետ Միխայիլ Դեգտյարյովը պնդում է, որ երկրամասում շարունակվող բողոքի գործողությունների ֆոնին նկատելի են օտարերկրյա սադրիչների գործողությունները։
«Ես շատ լավ հասկանում եմ Խաբարովսկի բնակչության արդար զայրույթը։ Ես հասկանում եմ, որ առաջին ցույցերը որևէ կազմակերպիչ չունեին։ Դրա հետ մեկտեղ՝ այդ ցույցերի զանգվածային բնույթը գրավել է տարատեսակ կասկածելի անձանց ուշադրությունը, այդ թվում՝ օտարերկրացիների։ Այդ մարդիկ զբաղվում են բողոքի ակցիաների կազմակերպմամբ, հրահրմամբ, սադրանքներով։ Նրանց թվում նաև Վրաստանից եկած մարդիկ կան», - հայտարարել է Խաբարովսկի նորանշանակ նահանգապետը RTVI ալիքի գլխավոր պրոդյուսեր, հայտնի երգիչ Սերգեյ Շնուրովի հետ հարցազրույցում։
Խաբարովսկում բողոքի ակցիաները հաջորդել են նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալությանը: