Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը “Россия 1” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երեկ հայտարարել է, թե անարդար է իրեն պատժամիջոցների ցուցակում ներառելու Միացյալ Նահանգների իշխանությունների որոշումը:
«Ես մարդու իրավունքները չեմ խախտել, հակառակը՝ պայքարում եմ միջազգային ահաբեկչության դեմ: Մենք պատերազմ ենք կանգնեցրել, ես կարծում էի, թե ինձ Նոբելյան մրցանակ կտան, իսկ իմ դեմ պատժամիջոցներ են սահմանել», - հայտարարել է Չեչնիայի առաջնորդը:
«Աֆղանստանում ռազմական գործողությունները շարունակվում են, իսկ մենք նախագահ Պուտինի շնորհիվ կանգնեցրել ենք պատերազմը և խաղաղ ենք ապրում: Չեչնիայի մեկուկես միլիոն բնակիչներն իրենց շատ լավ են զգում», - ասել է Կադիրովը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտնել էր, որ Կադիրովին և նրա ընտանիքին ներառել են «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ նրանց մուտքը Միացյալ Նահանգներ արգելված է: Չեչնչիայի առաջնորդից բացի ԱՄՆ չեն կարողանա այցելել նրա կինը և դուստրերը:
Փոմփեոն պարզաբանել է, որ Պետդեպարտամենտն ապացույցներ ունի մարդու իրավունքների կոպիտ խախտումներին Կադիրովի մասնակցության վերաբերյալ: Խոսքը այդ թվում կտտանքների և արտադատական մահապատիժների մասին է, որոնք տեղի են ունեցել ավելի քան 10 տարի առաջ:
Չեչնիայի ղեկավարին նաև մեղադրել են կորոնավիրուսի տարածումը լուսաբանող լրագրողներին սպառնալու մեջ:
Ի պատասխան՝ Կադիրովը հրապարակել է իր լուսանկարը՝ ձեռքերում գնդացիրներ, մակագրությամբ. - «Փոմփեո, մենք ընդունում ենք պայքարը, հաջորդը կլինի ավելի հետաքրքիր»:
Ռամզան Կադիրովը նաև հայտարարել է, թե ԱՄՆ պետքարտուղարի դեմ սահմանել է Չեչնիայում գործող բոլոր պատժամիջոցները: