Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահն անհապաղ հրադադար հաստատելու կոչ է անում


ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի ԱԳ նախարար Էդի Ռաման, արխիվ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման այսօր խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածության կապակցությամբ և կոչ արել անհապաղ հրադադար հաստատել, քանի դեռ էլի կյանքեր չեն կորսվել։

Ռաման ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կողմերի հետ սերտ շփման մեջ են՝ ձգտելով կայունության վերականգնմանը։ Ռաման նաև հույս է հայտնել, որ 2019 թվականին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հաստատած ուղիղ հաղորդակցության մեխանիզմը կարող է կիրառվել, որպեսզի իրադրությունը հանդարտվի։

«Մենք պետք է ամեն ինչ անենք՝ նվազեցնելու կոնֆլիկտի մարդկային ազդեցությունը, և վերականգնենք առարկայական բանակցությունները որքան հնարավոր է շուտ», - հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ իր աջակցությունը հայտնելով Մինսկի խմբին և ցավակցելով զոհերի հարազատներին։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

XS
SM
MD
LG