Մատչելիության հղումներ

Լավրովը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Այսօր Ռուսաստանի արտգործնախարարության առանձնատանը կայացել է նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային նախաճաշը Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են «Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցերը, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերի ակտիվացման հեռանկարները»:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած շաբաթ մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Շաբաթավերջից սահմանին պահպանվում է հարաբերական անդորր:

XS
SM
MD
LG