Մատչելիության հղումներ

Երկու-երեք ժամ դադարից հետո առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ

«Երկու-երեք ժամ դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ», - փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում», - գրում է ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում:

Այսօր ավելի ուշ ադրբեջանական կողմը հաղորդեց իր 4-րդ զոհված զինծառայողի մասին, որը սպա է՝ ավագ լեյտենանտ:

Կիրակի օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների՝ ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձի մասին: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, «սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել»: Հայկական կողմը հայտնել է, որ կորուստներ չի ունեցել, իսկ ադրբեջանական ՊՆ-ն հաղորդել է 3 զոհի և առնվազն 4 վիրավորի մասին:

Ուշ երեկոյան Պաշտպանության նախարարության խոսնակը հայտնեց, որ ադրբեջանական կողմը 82 մմ ականանետից և տանկից վերսկսել է հրետակոծել այն նույն դիրքի ուղղությամբ, որտեղ ավելի վաղ ՈւԱԶ-ով ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էր կատարել: Ժամեր անց Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց, որ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն, հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են:

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները՝ հայտարարելով, որ «սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

XS
SM
MD
LG