Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական կողմի ձեռնարկած ագրեսիայով պայմանավորված` արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, հաղորդում է Արցախի պաշտպանության մամուլի ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 500 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 6000 կրակոց:
Բացի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 18-ին` ժամը 06:38-ի սահմաններում, ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք:
«ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնում օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն», - ասված է հաղորդագրության մեջ: