Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Բացահայտվել են խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության դեպքեր


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ 2016-2017թթ. «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Երանոս, Վարդաձոր և Ձորագյուղ համայնքների վարչական տարածքում գտնվող ընդհանուր 1500հա արոտավայրից օգտվող անասուններին խմելու ջրով ապահովելու համար նախատեսված 6 հազար 300 մետր երկարությամբ ջրագիծ, 1 ջրընդունիչ և 1 խմոց կառուցելու համար պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 93 միլիոն 840 հազար 726 դրամ:

Մինչդեռ, հետագայում, ըստ ԱԱԾ-ի, ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները չեն կատարվել, սակայն կապալառու կազմակերպության իրավասու անձինք, նախնական համաձայնության գալով Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ պաշտոնատար անձանց հետ, շահադիտական դրդումներով, կազմել, հաստատել և շրջանառության մեջ են դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ կատարողական, հանձնման ընդունման ակտեր և դրանք փաստացի չկատարված աշխատանքների դիմաց պետական և համայնքային բյուջեից անհիմն ստացել և խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 94 միլիան դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելը և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական դրդումներով պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելը, օգտագործելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG