Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները


Արխիվային լուսանկար

Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել ղարաբաղյան միջնորդները։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցավով է արձանագրում, որ կորուստներ կան, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները և կողմերին կոչ անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը հետագա լարվածությունը կանխելու համար։

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան ներկայացնող համանախագահները կապի մեջ են կողմերի հետ, նաև կողմերին հորդորում են կիրառել հաղորդակցության ուղիղ միջոցները։ Նրանք նաև որքան հնարավոր է շուտ առարկայական բանակցությունների վերսկսման կոչ են անում և կարևորում ԵԱՀԿ դիտորդների վերադարձ տարածաշրջան, հենց իրավիճակը թույլատրի անել դա։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է երեկ կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ և ևս երեք զինվորականներ:

XS
SM
MD
LG