Մատչելիության հղումներ

Կոսովոյի և Սերբիայի միջև բանակցությունները վերսկսվել են շուրջ երկու տարի տևած դադարից հետո


Կոսովոյի վարչապետ Ավդուլա Հոթի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ

Գրեթե երկու տարի տևած դադարից հետո Կոսովոն և Սերբիան վերսկսում են բանակցությունները։ Կիրակի օրը, Եվրամիության ղեկավարների միջնորդությամբ, հեռավար հանդիպում անցկացրեցին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ավդուլա Հոթին։

Բանակցային գործընթացի վերսկսումը հնարավոր դարձավ նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած քառակողմ հեռուստակամրջի կազմակերպումից հետո, որին Սերբիայի և Կոսովոյի ղեկավարներից բացի մասնակցում էին նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը։ Կիրակնօրյա բանակցությունների ավարտից հետո ԵՄ ներկայացուցիչները չէին թաքցնում գոհունակությունը՝ արձանագրելով, որ եվրոպական առաջատար պետությունների ղեկավարներին ընդամենը մի քանի օրում հաջողվեց սերբ-կոսովական հարաբերությունների կարգավորումը դուրս բերել փակուղուց։

«Փարիզի գագաթնաժողովից և այսօրվա հանդիպումից հետո ես ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները քսան ամիս տևած դադարից հետո վերսկսվում են՝ ԵՄ հովանու ներքո», - նախօրեին Բրյուսելում հայտարարում էր ԵՄ հատուկ բանագնաց Միրոսլավ Լայչակը։

Սլովակ դիվանագետի խոսքով՝ կիրակնօրյա բանակցությունների ընթացքում կողմերին հաջողվել է կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել։

«Այսօրվա հանդիպման արդյունքում մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել բանակցային գործընթացի հիմնական բաղադրիչների շուրջ, ինչպես նաև հստակեցրել ենք առաջիկա հինգշաբթի օրը Բրյուսելում կայանալիք դեմ առ դեմ բանակցությունների օրակարգը», - հայտարարում էր Միրոսլավ Լայչակը։

Բանակցությունների մեկ այլ մասնակցի՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքով, սակայն, Բրյուսելում լավ են հասկանում, որ սերբերի և ալբանացիների միջև բանակցությունները դյուրին չեն ընթանա։

«Որևէ արդյունքի հասնելու համար կողմերը նախևառաջ պետք է քաղաքական կամք դրսևորեն», - նշում էր Բորելը կիրակնօրյա բանակցություններից անմիջապես հետո։

«Մեր նպատակը շատ հստակ է՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված լուրջ և ակտիվ աշխատանքի վերսկսում։ Նման երկարատև և ցավոտ հիմնախնդիրների լուծումը երբեք էլ դյուրին չի լինում։ Բայց այսօր մենք այստեղ ենք, որպեսզի կրկին փորձենք», - հայտարարում էր ԵՄ հանձնակատարը։

Բրյուսելում բավական լավ են հասկանում, որ Կոսովոյի և Բելգրադի միջև բանակցությունների վերսկսումը դեռ երաշխավորված արդյունքների ձեռքբերում չի նշանակում։ Կողմերի մոտեցումները շարունակում են տրամագծորեն տարբերվել միմյանցից։

Այսպես, նախորդ շաբաթավերջին տված հարցազրույցներից մեկում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նշում էր, որ ԵՄ հովանու ներքո ընթացող բանակցությունները կտապալվեն, եթե դրանց առանցքը Բելգրադի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման հարցը լինի։

Կոսովոյի վարչապետ Հոթին էլ պնդում էր, թե «Բելգրադի և Պրիշտինայի փոխադարձ ճանաչումը հարաբերությունները կարգավորելու միակ ուղին է»։

Քաղաքական ներկա իրավիճակում, այդուհանդերձ, Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների համար զիջումները գնալն այնքան էլ հեշտ չի լինի։ Սերբիայում արդեն շուրջ մեկ շաբաթ է ինչ շարունակվում են նախագահ Վուչիչի հրաժարականի պահանջով ցույցերը։

Բողոքի ակցիաների դրդապատճառը կորոնավիրուսի դեմ պայքարում պաշտոնական Բելգրադի ձեռնարկած գործողությունների անարդյունավետությունն էր և նոր լոքդաուն սահմանելու ցանկությունը։ Ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած կատաղի բախումներից հետո ակցիաներն արագորեն քաղաքականացվեցին ,ինչն իր հերթին, ըստ տեղացի վերլուծաբանների, զգալիորեն թուլացնում է Ալեքսանդր Վուչիչ դիրքերը և Կոսովոյի խնդրում փոխզիջման գնալու կարողությունները։

Պակաս բարդ չէ իրադրությունը Կոսովոյում։ Հունիսի վերջին Հաագայում գործող հատուկ դատարանը Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչիին ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանք ներկայացրեց։ Տաչին, որ կտրականապես մերժում է իրեն ներկայացվող բոլոր մեղադրանքները, այսօր ժամանում է Հաագա՝ այս գործի շրջանակներում առաջին անգամ պաշտոնապես հարցաքննվելու նպատակով։

XS
SM
MD
LG