Մատչելիության հղումներ

Կոսովոյի նախագահը կներկայանա միջազգային դատարան


Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին մասնակցում է ազատագրական բանակի օրվա տոնին, Պրիշտինա, 11-ը հունիսի, 2020թ.
Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին մասնակցում է ազատագրական բանակի օրվա տոնին, Պրիշտինա, 11-ը հունիսի, 2020թ.

Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին (նաև՝ Թաչի) այսօր պետք է ներկայանա Հաագայում տեղակայված պատերազմի հանցագործությունների միջազգային դատարան:

Տաչին պատերազմի տարիներին Կոսովոյի ազատագրական բանակի բարձրաստիճան հրամանատարներից էր: Այդ բանակը 1990-ականների վերջին սերբական բանակի դեմ պարտիզանական պայքար է մղել Կոսովոյի անկախության համար:

Միջազգային դատարանը Տաչիին և մի շարք այլ նախկին մարտիկներին ներկայացրել է պատերազմի հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ, առևանգումներ կատարելու և մարդկանց կտտանքների ենթարկելու մեղադրանք:

Պատերազմից հետո քաղաքական ասպարեզ տեղափոխված նախկին դաշտային հրամանատար Տաչին կտրականապես հերքում է մեղադրանքը:

«Ես և իմ հայրենակիցները միջազգային դատարանի պահանջն ընդունում ենք արժանապատվորեն և համերաշխ, ես կոչ եմ անում բոլորիդ միասնական հակազդել մեր երկրի առաջ ծառացած այս մարտահրավերին»,- Ֆեյսբուքի էջում գրել է Կոսովոյի նախագահը:

Նախնական լսումների ընթացքում Կոսովոյի հարցով հատուկ ատյանը պետք է որոշի Տաչիին դատական պատասխանատվության ենթարկելու կամ գործը կարճելու հարցը:

Կոսովոյի նախագահն ասել է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում ինքն անմիջապես հրաժարական կներկայացնի և կկանգնի դատարանի առաջ:

Տաչիին մեղադրանք ներկայացնելու հանգամանքն ազդել է բանակցային գործընթացի վրա և ստիպել է չեղարկել հունիսին Վաշինգտոնում Սպիտակ տանը նախատեսված Կոսովոյի և Սերբիայի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունները:

Սերբիան հրաժարվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը: ՆԱՏՕ-ի խաղաղապահները դեռ մնում են Կոսովոյի տարածքում, նրանց առաքելությունն է կանխել Կոսովոյի և Սերբիայի ուժերի հնարավոր բախումը:

Կոսովոն անկախություն է հռչակել 2008 թվականի փետրվարի 17-ին: Կոսովոյի անկախությունը ճանաչել են ՄԱԿ-ի անդամ 112 պետություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Թուրքիան, Գերմանիան, արաբական, աֆրիկյան, ասիական և հարավամերիկյան երկրներ:

Պաշտոնական Բելգրադի տեսակետից Կոսովոն պատկանում է Սերբիային՝ որպես Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամաս:

XS
SM
MD
LG