Մատչելիության հղումներ

Կոսովոյի նախագահին ռազմական հանցագործությունների մեղադրանք է առաջադրվել


Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին, 16-ը հունիսի, 2020թ.

Հաագայում գտնվող ռազմական հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող հատուկ դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչիին և մի շարք այլ ազդեցիկ ալբանացի գործիչներին։

90-ականների վերջին Կոսովոյում կատարված ռազմական հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող դատախազական մարմինը հայտարարել է, որ Կոսովոյի նախագահն ու նրա զինակիցները կասկածվում են ավելի քան 100 մարդու սպանության մեջ։ Խոսքը, մասնավորաբար, քաղաքական հակառակորդների, ինչպես նաև Կոսովոյի տարածքում բնակվող սերբերի և գնչուների դեմ կատարված հանցագործությունների մասին է։

1998-99 թվականներին ծավալված հակամարտության ընթացքում Հաշիմ Տաչին Սերբիայի դեմ մարտնչող «Կոսովոյի ազատագրության բանակի» հրամանատարն էր։ Անկախության հռչակումից հետո նա զբաղեցրել է պաշտպանության նախարարի և վարչապետի պաշտոնները, Կոսովոյի նախագահի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի ապրիլին։

Հաագայի դատախազության հայտարարությունից հետո Կոսովոյի ղեկավարությունը հայտարարել է այս շաբաթ Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների չեղարկման մասին։ Դրանց ընթացքում Կոսովոյի և Սերբիայի նախագահները պետք է քննարկեին Վաշինգտոնում մշակած կարգավորման ծրագրի դրույթները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG