Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին, Երևան, 28-ը փետրվարի, 2020թ.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ այսօր կազմակերպության Մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել: Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ պաշտոնական կայքէջը:

ՀԱՊԿ-ին, հիշեցնենք, անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է երեկ կեսօրից հետո, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները՝ հայտարարելով, որ «սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

XS
SM
MD
LG