Մատչելիության հղումներ

Սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը. ԱԳՆ խոսնակ


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

«Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ», - հայտարարում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: «Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում է այս սադրիչ գործողությունները», - նշում է խոսնակը:

«ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները», - փոխանցում է Նաղդալյանը ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով:

Այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - շեշտում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Կիրակի օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների՝ ՈւԱԶ-ով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձի մասին: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, «սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել»: Հայկական կողմը հայտնել է, որ կորուստներ չի ունեցել, իսկ ադրբեջանական ՊՆ-ն հաղորդել է 3 զոհի և առնվազն 4 վիրավորի մասին:

Ուշ երեկոյան Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմը 82 մմ ականանետից և տանկից վերսկսել է հրետակոծել այն նույն դիրքի ուղղությամբ, որտեղ ավելի վաղ ՈւԱԶ-ով ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էր կատարել:

Ժամեր անց ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացրեց, որ կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են, հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն, հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են:

XS
SM
MD
LG