Մատչելիության հղումներ

Եվրադատարանը մերժեց սահմանադրական փոփոխությունները սառեցնելու՝ ՀՀ ՍԴ նախկին նախագահի և 3 անդամների պահանջը


Ֆրանսիա - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որ պահանջել էին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները երկրի Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ:

Եվրադատարանի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ դատավորների պաշտոններից:

ՄԻԵԴ-ը մանրամասնում է, որ 2015 թվականին փոփոխված Հայաստանի Սահմանադրությունում ամրագրված է ՍԴ դատավորների պաշտոնավարման 12-ամյա և ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետ: Այդուհանդերձ, անցումային դրույթներով նախատեսված էր, որ մինչև սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ դատավորները պաշտոնավարելու են հին կարգով՝ մինչև կենսաթոշակի անցնելը, նմանապես՝ ՍԴ նախագահն էլ մինչև կենսաթոշակի անցնելը պետք է պահպաներ իր մանդատը: Վերջերս որոշվել է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում և ՍԴ դատավորների համար սահմանել պաշտոնավարման 12-ամյա ժամկետ՝ անկախ նրանից, թե երբ են նշանակվել, ինչպես նաև սահմանափակել ՍԴ նախագահի պաշտոնավարումը 6 տարով: Նշանակվել էր հանրաքվե, որը, սակայն, չկայացավ համաճարակի պատճառով, և փոփոխություններն ընդունվեցին խորհրդարանի կողմից ու հունիսին մտան ուժի մեջ, նշված է հաղորդագրությունում:

Եվրադատարանն այսօր որոշել է մերժել հայցվորների վերոհիշյալ պահանջը որպես Դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի ենթադրում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ, ասված է ՄԻԵԴ հաղորդագրությունում:

Սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ, ինչպես նաև Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի, և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը որպես ՍԴ դատավորներ, Ազգային ժողովն ընդունեց հունիսի 22-ին, հունիսի 26-ին հայտարարվեց դրանց ուժի մեջ մտնելու մասին:

ՍԴ նախկին նախագահը և անդամները դիմեցին ՄԻԵԴ՝ վիճարկելով իրենց լիազորությունների դադարեցման օրինականությունը, ինչպես նաև Ստրասբուրգի դատարանից պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Հայաստանի նկատմամբ, որպեսզի իրենց դիմումի քննության ընթացքում կասեցվեն սահմանադրական փոփոխությունները, և իրենք շարունակեն պաշտոնավարել։

XS
SM
MD
LG