Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազի խորհրդական․ Մեր պահանջը բավարարվել է մասամբ


Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան

Կողմերը դեռևս չեն ստացել ընտրակաշառքի գործով մեղադրյալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին վերաքննիչ դատարանի որոշումը։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ վերաքննիչ ատյանը մասնակի բավարարելով Գլխավոր դատախազության միջնորդությունը, բեկանել է ​Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց առաջին ատյան՝ նոր քննության։

Դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։

Գլխավոր դատախազի խորհրդարական Գոռ Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ վերաքննիչը, ըստ էության, 63-ամյա Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել և հարցի քննությունը թողել է առաջին ատյանի դատարանին:

«Այդ մասով է, որ մասամբ է բավարարել մեր պահանջը, որովհետև դատախազությունը միջնորդել էր, որպեսզի վերաքննիչ դատարանը ինքը կայացնի որոշում կալանքը որպես խափանման միջոց պարոն Ծառուկյանի նկատմամբ կիրառելու համար: Այդ մասով չի բավարարել, ուղարկել է առաջին ատյանի դատարան, որպեսզի նոր քննության ընթացքում համապատասխան գնահատականներ տրվեն և որոշում կայացվի», - ասաց Աբրահամյանը:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը երեք շաբաթ առաջ եզրահանգել էր, թե կա հիմնավոր կասկած, որ ԲՀԿ-ի առաջնորդը կատարել է իրենց մեղսագրվող հանցագործությունը, սակայն նրան կալանքի տակ առնելու անհրաժեշտություն չկա։ Հենց այս հարցն էր վերաքննիչ ատյանում բարձրացրել դատախազությունը:

Գոռ Աբրահամյանը քիչ հավանական է համարում, որ դատախազությունը բողոքարկի այս որոշումը, քանի որ, ըստ էության, իրենց դիմումը մասնակի բավարարվել է, իսկ Ծառուկյանի փաստաբանների դիմումները մերժվել են։ Աբրահամյանը կարևորեց այս հանգամանքը, որ վերաքննիչ դատարանը մերժել է ԲՀԿ առաջնորդի փաստաբանների բոլոր պահանջները։

Նրանք պահանջում էին վերանայել առաջին ատյանի դատարանի այդ գնահատականը, որ կա հիմնավոր կասկած, որ Ծառուկյանը կատարել է իրեն առնչվող հանցագործությունը, նաև այն, որ այս քրեական գործը պետք է քննի ոչ թե Ազգային ավտանգության ծառայությունը, այլ Հատուկ քննչական ծառայությունը։

«Նախաքննություն իրականացնող մարմնի հիմնական պահանջը միշտ առաջին ատյանում միջնորդություն ներկայացնելիս եղել է այն, որպեսզի պատշաճ քննվի և գնահատական տրվի կալանքի հիմքերին և հատկապես հանրային վտանգավորության աստիճանին, ինչը, մեր համոզմամբ, առաջին ատյանի դատարանը չէր իրականացրել պատշաճ կերպով: Մեր բողոքարկման հիմնական պատճառը դա էր: Այն, որ պատշաճ գնահատված չէր կատարված կամ վերագրվող արարքի հանրային վտանգավորությունը, և քննության վրա ազդեցություն ունենալու ռիսկերը գնահատված չէին պատշաճ կերպով, այս իմաստով մեզ համար կարևոր է, որ ի վերջո դատարանի կողմից այս գնահատականները տրվեն, և հույս ունենք, որ նոր քննության շրջանակներում արդեն առաջին ատյանի դատարանի կողմից այդ գնահատականներն իսկապես կտրվեն», - նշեց Աբրահամյանը:

ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է Ծառուկյանի այդ պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել միայն իրավական հարթությունում։

Փաստաբան Էմին Խաչատրյանն «Ազատությանն» ասաց, որ վերաքննիչի երեկվա որոշումից բխում է, որ առաջին ատյանի դատարանը նորից քննելու է իրենց պաշտպանյալին կալանավորելու հարցը. – «Էս պահին պատճառաբանությունը, թե կոնկրետ ի՞նչը կենցաղային լեզվով ասած` վերադաս ատյանի դուրը չի էկել քննության մեջ, որ ուղարկել ա առաջին ատյան: Ամեն դեպքում առաջին ատյանի դատարանում էս գործի քննությունը պետք ա լինի»:

Սակայն վերաքննիչի որոշումը ստանալուց հետո Ծառուկյանի փաստաբանները կորոշեն՝ բողոքարկել այն, թե ոչ։ «Եթե բողոքարկեն վճռաբեկ ատյան, ապա առաջին ատյանի դատարանը չի կարող նոր քննություն սկսել», - նկատեց Խաչատրյանը։

2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը դեռ փետրվարին է իրավապահներին հայտնել ընտրակաշաքի բաժանման մասին, երբ իր ղեկավարած ընկերությունում բոլորովին այլ քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել էին ընտրակաշառքին վերաբերող որոշակի փաստաթղթեր։

«Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում Վազգեն Պողոսյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններին ստացել է 8 հազար 151 ձայն, սակայն հետագայում հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Ըստ իրավապահների, Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2017-ին Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Եվ պայմանավորվածության համաձայն՝ դիմել է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ անհրաժեշտ գումարը ստանալու համար։ Ըստ դատախազության` հենց վերջիններս են զբաղվել ֆինանսական հարցերով։

Իրավապահներին Վազգեն Պողոսյանը պատմել է, որ նրանցից ստացել է 10 հազարական դրամներից բաղկացած տրցակ, ընդհանուր առմամբ՝ 90 միլիոն դրամ։ Ձայների ապահովման համար այս գումարը բաժանել է ԲՀԿ անդամներին ու կուսակցության ակտիվիստներին, որոնք էլ ցուցակներով իր մոտ են եկել, ստացել են այդ գումարները, որոնք պետք է բաժանեին ընտրողներին։

Վազգեն Պողոսյանն ազատության մեջ է, նա ստորագրություն է տվել չհեռանալու մասին։ Նույն այս գործով մեղադրյալ են «Ծառուկյան» խմբակցության երկու նախկին պատգամավորներ Աբրահամ Մանուկյանը և Վանիկ Ասատրյանը։ Ասատրյանը կալանավորված է, իսկ Մանուկյանն այսօր կալանքից ազատ արձակվեց վերաքննիչի որոշմամբ։​

XS
SM
MD
LG