Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել


«Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանն է հայտնել:

«Դատարանից խնդրել եք հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը, քննչական ենթակայության և առաջին ատյանի դատարանում մեր կողմից բարձրացված մի շարք այլ հարցերի խախտման փաստը», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

2 օր առաջ էլ հայտնի դարձավ, որ Վերաքննիչ դատարանը ստացել է գլխավոր դատախազության բողոքը, որով վիճարկվում է Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել էր ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը։ Այս որոշումից դժգոհ էին ինչպես գլխավոր դատախազությունում, այնպես էլ Ծառուկյանի փաստաբանական թիմում։ Դատարանն իր որոշման մեջ հիմնավորված է համարել, որ ընդդիմադիր գործիչը կապ ունի ընտրակաշառք տալու դեպքերի հետ, հայտարարել էր այս գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունը։

Ըստ ԱԱԾ-ի` դատարանը նաև գրել է, որ քրեական գործի ընթացքում Գագիկ Ծառուկյանի ոչ պատշաճ վարքագիծը հնարավոր է կանխել ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցի կիրառմամբ:

Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ իրենք բողոքի համար առնվազն երկու հիմք ունեն. առաջինն այն է, որ համաձայն չեն դատարանի այդ գնահատականի հետ, որ կա հիմնավոր կասկած, որ Ծառուկյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կազմակերպել է ընտրակաշառքի բաժանում։ Մյուս հիմքն, ըստ փաստաբանների, այն է, որ այս գործը պետք է հարուցեր ու քններ ոչ թե ԱԱԾ-ն, այլ Հատուկ քննչական ծառայությունը։

Գլխավոր դատախազությունն էլ շեշտել էր՝ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Ծառուկյանը ազատության մեջ կազդի այս գործով անցնող անձանց վրա, և նա պետք է կալանավորվի։

Ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ տալը կազմակերպելու համար։ Ծառուկյանն ու նրա թիմակիցները, ինչպես նաև մի շարք ուժեր հայտարարում են, թե ընդդիմադիր գործիչը ենթարկվում է քաղաքական հետապնդման Կառավարությանը քննադատելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ հորդորդելով հարցը դիտարկել իրավական դաշտում:

XS
SM
MD
LG