Մատչելիության հղումներ

Վրաց ընդդիմադիրների պնդմամբ՝ կառավարությունը խտրական է վերաբերվում ԵՄ-ից վերադարձող Վրաստանի քաղաքացիներին


Վրաստան - Զբոսաշրջիկներ Թբիլիսիում, սեպտեմբեր, 2019թ.
Վրաստան - Զբոսաշրջիկներ Թբիլիսիում, սեպտեմբեր, 2019թ.

Օգոստոսի սկզբից Վրաստանը կվերսկսի կանոնավոր չվերթները Եվրամիության անդամ հինգ պետությունների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հետ։

«Այս պետությունների քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել առանց որևէ նախապայմանի՝ միայն հատուկ հարցաթերթիկ լրացնելով», - հայտարարում են վրացական կառավարության ներկայացուցիչները։

Ուշագրավ է, սակայն, որ նույն պետություններից հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար 14-օրյա կարանտինի պայմանը շարունակելու է ուժի մեջ մնալ։ Վրացական ընդդիմության ներկայացուցիչների համոզմամբ՝ այս որոշումն առնվազն անտրամաբանական է։

«Ստացվում է, որ նույն չվերթով Վրաստան ժամանող մարդկանց մի մասը պետք է պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվի, իսկ մյուս խումբն ազատ տեղաշարժի գրեթե անսահմանափակ հնարավորություն ստանա», - նշում են ընդդիմադիրները։

«Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Գիորգի Կանդելակիի համոզմամբ՝ Վրաստանի իշխանությունները սեփական քաղաքացիների նկատմամբ ակնհայտ խտրական մոտեցում են դրսևորում։

«Բացարձակապես անհասկանալի է թե ինչո՞ւ ենք մենք Վրաստանի քաղաքացիներից պահանջում ինքնամեկուսանալ, երբ նրանք ժամանում են ԵՄ այն պետություններից, որոնց համար սահմանափակումները վերացված են։ Ես կոչ եմ անում կառավարությանը վերանայել այս որոշումը։ Բացի այդ, կոչ եմ անում ընդլայնել այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են անարգել մուտք գործել Վրաստանի տարածք։ Պարզ չէ, օրինակ, թե ինչու այս ցուցակում ընդգրկված չէ մեր զբոսաշրջային սեկտորի համար այնպիսի կարևոր նշանակություն ունեցող մի երկիր, ինչպիսին Լեհաստանն է», - հայտարարում էր Կանդելակին։

Չվերթների վերսկսման հարցում, այդուհանդերձ, տարաձայնություններ էին առկա ոչ միայն իշխանությունների և ընդդիմության միջև, այլև Գիորգի Գախարիայի կառավարության ներսում։ Այսպես, ԵՄ հինգ պետությունների հետ ավիափոխադրումները վերսկսելու մասին որոշումը հրապարակելուց մեկ օր առաջ կառավարության ամենաազդեցիկ անդամներից մեկը՝ ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին, կոչ էր անում մոռանալ արտերկրից ժամանող զբոսաշրջիկների մասին՝ կենտրոնանալով ներքին տուրիզմի վրա։

«Շարքային գործարարի համար, որը ռեստորան, սրճարան կամ էլ փոքրիկ մի հյուրանոց ունի, տեղացի տուրիստը գոնե ինչ-որ եկամտի աղբյուր է հանդիսանում։ Սահմանների բացումն անխուսափելիորեն հանգեցնելու է վիրուսի տարածմանը, քանի որ վարակված օտարերկրացի տուրիստը մի տեղում հաստատ չի նստի։ Նա անընդհատ ճանապարհորդելու է, և նրա տեղաշարժին հետևելը գրեթե անհնարին մի խնդիր է։ Իսկ կորոնավիրուսի անգամ փոքր բռնկումը կարող է վախեցնել պոտենցիալ զբոսաշրջիկներին։ Այնպես որ, ավիափոխադրումների վերականգնումը տնտեսական անկման հետևանքները չի մեղմելու։ Հարկավոր է զգուշավորություն ցուցաբերել և պահպանել ստատուս քվոն», - հայտարարում էր Վրաստանի ֆինանսների նախարարը։

Վրացական մամուլի գնահատմամբ, մինչդեռ, կառավարությունն ի վերջո ընկրկեց երկրի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը հանդիսացող զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների ճնշման առջև։ Զբոսաշրջության և սպասարկման ոլորտների ներկայացուցիչներն արդեն մի քանի շաբաթ է ինչ պահանջում են գործուն քայլեր ձեռնարկել տուրիստների հոսքը վերականգնելու ուղղությամբ։

Այլ հարց է, սակայն, որ Գերմանիայի, Ֆրանսիայի և բալթյան պետությունների հետ կանոնավոր չվերթների վերականգնումը Վրաստանի տուրիստական ոլորտում ծագած ճգնաժամի հաղթահարման առումով որևէ էական ազդեցություն հազիվ թե ունենա։ Այդ երկրների քաղաքացիների տեսակարար կշիռը Վրաստան ժամանող զբոսաշրջիկների թվում նախորդ տարիներին այնքան էլ մեծ չէր։

2019 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն, Վրաստանը ռեկորդային թվով զբոսաշրջիկ է ընդունել՝ շուրջ 9 միլիոն, որոնց գրեթե կեսը՝ ավելի քան 4 միլիոնը, ընդամենը երեք երկիր է ապահովել՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը։ Բացի այդ, 2019-ին մեծ թիվ էին կազմում Ուկրաինայից, Իրանից, Թուրքիայից, Իսրայելից և Սաուդյան Արաբիայից ժամանող տուրիստները։ Հաշվի առնելով սակայն այս բոլոր պետություններում առկա ծանր համաճարակային կացությունը,Վրաստանի կառավարությունը մոտ ապագայում հազիվ թե որոշի բացել սահմանները դրանց հետ։

XS
SM
MD
LG