Մատչելիության հղումներ

Քանյե Վեսթը հարցազրույց է տալիս նախագահական պլանների մասին, քաղաքագետը լուրջ չի ընդունում նրա առաջադրումը


Ռեփեր Քանյե Վեսթ, արխիվ
Ռեփեր Քանյե Վեսթ, արխիվ

Ռեփեր Քանյե Վեսթը, օրեր առաջ հայտարարելով ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, արդեն սկսել է հարցազրույցներ տալ։ Forbes հեղինակավոր հանդեսին երեքշաբթի օրը տված հարցազրույցում նա ասել է, թե փետրվարին վարակվել էր կորոնավիրուսով, այլևս Դոնալդ Թրամփի աջակիցներից չէ և պլանավորում է ընտրություններին մասնակցել որպես «Ծննդյան կուսակցության» անդամ։ «Որովհետև երբ ես հաղթեմ, դա կլինի յուրաքանչյուրի ծննդյան օրը», - բացատրել է նա։

2018 թվականի հոկտեմբերին, երբ նա Վաշինգտոնում, Սպիտակ տանը հանդիպել էր Դոնալդ Թրամփին, որպես Թրամփին աջակցելու նշան՝ Վեսթը մի կարմիր գլխարկով էր, որի վրա գրված էր Թրամփի կարգախոսը՝ Make America Great Again՝ «Ամերիկան նորից հզոր դարձնենք», բայց հիմա նա Forbes-ին ասել է, թե «հանում է կարմիր գլխարկը»։

Թրամփի հանդեպ նրա վերաբերմունքը 180 աստիճանով շրջվել է։ «Ինձ համար դա մեծ խառնաշփոթություն էր։ Իմ դուրը չի գալիս, երբ իմացա, որ նա թաքնվել է բունկերում։ Կարմիր գլխարկ կրելուս հիմնական պատճառներից մեկն էլ սևամորթ ընտրողների ձայների տարանջատման դեմ բողոքելն էր։ Նաև այն փաստը, որ ես սիրում եմ Թրամփի հյուրանոցներն ու նախասրահում դրված սաքսոֆոնները», - ասել նա:

Ինչ վերաբերում է սեփական քաղաքական պլաններին՝ Քանյե Վեսթն ասել է, որ իր ընտրապայքարի ընկերը, սովորաբար այդպես են կոչում փոխանախագահի թեկնածուին, լինելու է հոգևորական Միշել Թիդբոլը։ Նա Վայոմինգ նահանգի հոգևորականներից է, Ամերիկայի կենտրոնական մասում ընկած այդ նահանգում Քանյե Վեսթն ու Քիմ Քարդաշյանը ռանչո ունեն։ Երգիչն ասել է, որ Վայոմինգում, Քոդիում երկուշաբթի օրը գրանցվել է առաջին անգամ քվեարկելու համար։

Չորեքշաբթի օրվա դրությամբ դեռևս ապացույցներ չկային, որ Քանյե Վեսթն ընտրապայքար է կազմակերպում և դաշնային ընտրական հանձնաժողովին համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել գալիք նոյեմբերի 3-ի ընտրությանը մասնակցելու համար։

Չնայած պաշտոնական քարոզարշավի բացակայությանը՝ ռեփերը Forbes-ի հարցազրույցում հերքել է, թե նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարությունը սոսկ գովազդային հնարք է առաջիկա երաժշտական ալբոմի վաճառքի համար։ Նա ասել է, թե պլանավորում է առաջիկա ալբոմի ձայնասկառավակները բաժանել անվճար։

Իր նախագահության պատկերացումների մասին Քանյե Վեսթը նշել է, թե դեռ շատ չի ուսումնասիրել հարկային կամ արտաքին քաղաքականությունը, բայց դեմ է մահապատժին, ցանկանում է վերջ տալ ոստիկանների բռնություններին, ինչպես նաև չգիտի, թե արդյոք կօգտագործի «քաղաքականություն» բառը։

Նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին ռեփերը Թվիթերի իր էջում գրել էր հուլիսի 4-ին՝ Ամերիկայի Անկախության օրը։

Սակայն Ինդիանայի Պուրդուի համալսարանի քաղաքագետ Ջեյմս ՄըքՔանը վերապահումով է մոտենում Քանյե Վեսթի առաջադրմանը։

«ԱՄՆ-ում ծնված յուրաքանչյուր 35-ամյա Ամերիկայի քաղաքացի տեխնիկապես իրավունք ունի առաջադրվելու նախագահի թեկնածու», - ասել է նա՝ միաժամանակ շարադրելով կազմակերպչական բնույթի աշխատանքների մանրամասները, բազմաթիվ քայլեր, որ պետք է անել նախագահի թեկնածու գրանցվելու համար։

«Ժամանակը հաստատ Քանյե Վեսթի օգտին չի աշխատում։ Նա արդեն նահանգների մեծ մասում բաց է թողել հայտ ներկայացնելու վերջնաժամկետը՝ ներառյալ մի շարք մեծ նահանգներ, ինչպիսին են Տեքսասը, Նյու Յորքը։ Սրանք շատ ընտրիչների ձայներ ունեցող նահանգներ են, այնպես որ զուտ մաթեմատիկական հաշարկներով դժվար է պատկերացնել, թե ինչ-որ մեկը հիմա մտնելով պայքարի մեջ՝ կարող է ստանալ 207 ընտրիչների ձայները», - բացատրել է քաղաքագետը Reuters-ի հետ զրույցում՝ եզրափակելով. - «Շատ դժվար է, իրականում անհարին է պատկերացնել, որ ինչ-որ մեկը վերջին փուլում գլխարկը ռինգ նետի և նախագահ ընտրվելու պայքարի մեջ մտնի»։

XS
SM
MD
LG