Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի ախտահարումների թիվը գերազանցեց 11 միլիոնը


ԱՄՆ - Հուլիսի 4-ի տոնի առիթով մեծ թվով ամերիկացիներ մեկնում են տարբեր քաղաքներ, Ատլանտա, 2-ը հուլիսի, 2020թ.

«Պարտավոր ենք կրկնապատկել ջանքերը վիրուսը զսպելու համար»

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 11 միլիոն մարդ, մահացել է մոտ 530 հազար, ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 355 հազար հիվանդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, մոլորակի ամենավարակված շրջաններն են Հյուսիսային և Հարավային Ամերիկա մայրցամաքները, որոնց հաջորդում են Եվրոպան և Միջերկրականի արևելյան տարածքը։

Միացյալ Նահանգներում ախտահարվել է առնվազն 2 միլիոն 671 հազար 220 մարդ։

Մտահոգիչ է նաև Բրազիլիայի, Ռուսաստանի և Հնդկաստանի վիճակագրությունը՝ համապատասխանաբար 1 միլիոն 440 հազար, 661 հազար և 625.5 հազար դեպքեր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանն ասել է, որ կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպը դեռ շատ բարձր է։

«Երկրորդ ալիը բացառել չենք կարող, մենք պարտավոր ենք կրկնապատկել մեր ջանքերը, ամեն ինչ անել վարակը զսպելու, մարդկանց կյանքը փրկելու համար», - ասել է Ռայանը։

Հուլիսի 4-ի տոնը մտահոգում է ամերիկացի բժիշկներին

Մինչդեռ, Ամերիկան այսօր տոնում է Հուլիսի 4-ը՝ Անկախության օրը։ Հուլիսի 4-ին միլիոնավոր ամերիկացիներ երթևեկում են, մասնակցում են զանգվածային միջոցառումներին։

Ամերիկացի բժիշկները նախազգուշացնում են, որ դրա հետևանքով դեպքերի թիվը կարող է շեշտակի աճել, քանի որ անխուսափելի են մեծ կուտակումներ, և սոցիալական հեռավորություն պահպանելը գրեթե անհնարին է։

Երեք օր շարունակ ԱՄՆ-ում գրանցվում է ավելի քան 50 հազար նոր ախտահարում։ Վարակի աճ է 50 նահանգներից առնվազն 40-ում։ Միայն Ֆլորիդայում օրական ավելի քան 10 հազար նոր ախտահարում է արձանագրվում։

Իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում պաշտպանվել, դիմակներ կրել, որոշ նահանգներում սոցիալական հեռավորությունը և դիմակները պարտադիր են։

Մոտ երեք ամիս Չիկագոյի միջազգային օդանավակայանը գրեթե չի գործել, սակայն հուլիսի 3-ից մեծ ակտիվություն է։

Մարդիկ մեկնում են տարբեր քաղաքներ՝ հանգստի կամ հարազատներին ու բարեկամներին տեսակցելու, տոնին մասնակցելու։ Շատերը դիմակներով են, բայց համաճարակաբանները, միևնույն է, անհանգիստ են։

Կալիֆորնիա՝ Սան Դիեգոյի գեղեցիկ լողափը մարդաշատ է, կարանտինից ու սահմանափակումներից հոգնած բնակիչներն ուզում են վայելել տաք եղանակն ու Խաղաղ օվկիանոսի ջուրը։ Ինչ դիմակ, ինչ սոցիալական հեռավորություն։

Նահանգապետ Գավին Նյուսոմը վերականգնել է վերջերս չեղարկված որոշ սահմանափակումները, կարգադրել է փակել Լոս Անջելեսի լողափը, այդ հայաշատ նահանգում մոտ 248 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 6 հազար 200 հիվանդ։

Ամերիկացի զբոսաշրջիկներին Եվրոպա չեն թողնում

Ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպան և Ասիան կարողացել են զսպել համավարակը։ Եվրոպան այս ամառվա շրջանում մերժում է ամերիկացի զբոսաշրջիկների մուտքը։

«ՙՄեկ բան հստակ է՝ եթե բացենք սահմանները Միացյալ Նահանգների համար, կառաջանա այնտեղից COVID-19-ի նոր դեպքեր ներմուծելու վտանգ, իրավիճակն Ամերիկայում չի վերահսկվում, շատ բարդ կլինի կանխել վարակի տարածումը», - ասել է ֆրանսիացի համաճարակաբան Բենժամեն Դավիդոն։

Փաբերը բացվում են, արքայազն Ուլյամը սիդր է խմում

Իսկ Բրիտանիայում վայելում են այսպես կոչված «սուպերշաբաթ օրը»՝ այսօր բացվել են փաբերը։ Արքայազն Ուիլյամը Սնեթիսամ ավանում այցելել է Rose and Crown փաբ, ըմպել է սիդր՝ խնձորագինի։ Զրուցել է սեփականատիրոջ՝ Էնթոնի Գուդրիչի հետ, ով պատմել է կարանտինի ամիսների դժվարությունների մասին։

Բրիտանիայում բացվել են նաև ռեստորանները, կինոթատրոնները, պատկերասրահները, թանգարանները և հյուրանոցները։ Այդ բոլոր հաստատություններում սահմանափակում են այցելուների թիվը և կանխարգելիչ այլ միջոցներ են ձեռնարկում։

Կրտսեր Դոնալդ Թրամփի ընկերուհին էլ վարակվեց

Վիրուսը հասել է նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորներին։ Նախագահի որդու՝ կրտսեր Դոնալդ Թրամփի ընկերուհու՝ Քիմբերլի Գուիլֆոյլի ստուգման արդյունքը դրական է։

Այդ լուրը հաստատել է Թրամփի նախընտրական թիմի պաշտոնյա Սերջիո Գոռը։ Նրա փոխանցմամբ՝ ստուգումը Հարավային Դակոտայում է կատարվել։ Կրտսեր Դոնալդ Թրամփը չի վարակվել։

XS
SM
MD
LG