Հայաստանում համաճարակաբանական, սոցիալ-տնտեսական իրավիճակը, ներքաղաքական զարգացումները, վերջին սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցեր են քննարկվել երեկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հերթական նիստի ժամանակ, որը վարել է կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության գալիք ծրագրերին, ներառյալ միջազգային համագործակցության ասպարեզում։ Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում Հանրապետականի գործունեության հիմնական ուղղությունները և գերակայությունները, շոշափվել է այլ հասարակական և քաղաքական ուժերի հետ ընդհանրական քաղաքական օրակարգի դեպքում հնարավոր փոխգործակցության հարցը», - ասված է նախկին իշխող կուսակցության գործադիր մարմնի հաղորդագրությունում: