Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 10,5 միլիոնին, մահացել է շուրջ 510 հազար, բուժվել՝ 5,3 միլիոն մարդ


Չեխիա - Հակահամաճարակային սահմանափակումների մեղմացումից հետո Պրահայի բնակիչների համար Կարլի կամրջին կես կիլոմետրանոց սեղան է բացվել, 30-ը հունիսի, 2020թ.

Համաշխարհային հանրությունը շարունակում է պայքարել նոր տիպի կորոնավիրուսի դեմ: Համաճարակի սկսվելուց ի վեր ամբողջ աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 10,5 միլիոնին, կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է ավելի քան 510 հազար մարդ, ապաքինվել է շուրջ 5,3 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Սպիտակ տան թիմի անդամ, Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին Սենատում լսումների ժամանակ ասել է, որ չի զարմանա, եթե վարակի նոր դեպքերի թվի աճը օրվա կտվածքով հասնի 100 հազարի՝ այժմ այդ ցուցանիշը երկրում տատանվում է 40-ից 47 հազարի սահմաններում: ԱՄՆ-ում դաշնային մակարդակում սահմանափակումներ չկան:

Եվրամիությունն այսօրվանից բացում է արտաքին սահմանները 14 երկրների քաղաքացիների համար: Այդ երկրների մեջ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը չկան: Հետխորհրդային երկրներից ցուցակում միայն Վրաստանն է:

Ուկրաինայում նոր դեպքերի ամենօրյա ցուցանիշները չեն նվազում, հատկապես ծանր է իրավիճակը հանգստի գոտիներում, Ուզբեկստանում այսօրվանից խստացվում են սահմանափակումները, Ղրղըզստանում էլ 11 տարվա ազատազրկման դատապարտված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը երկկողմանի թոքաբորբով հոսպիտալացվել է, կորոնավիրուս է հայտնաբերվել նրա փաստաբանի մոտ:

Բրիտանիայի քաղաքացիները կարող են անարգել մուտք գործել Եվրամիության տարածք, բայց երկրի ներսում փակում են Լեսթեր քաղաքը՝ այնտեղ անբացատրելի բարձր է նոր վարակակիրների թիվը:

Ֆրանսիայում էլ «Երեկ` հերոսներ, այսօր՝ մոռացված» կարգախոսով բողոքի են դուրս եկել բուժաշխատողները:

XS
SM
MD
LG