Մատչելիության հղումներ

«Կորոնավիրուսի քաղաքականությունը ենթարկե՛ք կարանտինի»


ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, Ժնև, արխիվ։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, Ժնև, արխիվ։

Հենց թուլացնում են սահմանափակումները, վիրուսը գլուխ է բարձրացնում

Ավելի քան 10 միլիոն 300 հազար վարակված, մոտ 505 հազար մահ։ Կորոնավիրուսը, որը պաշտոնապես առաջին անգամ գրանցվել է անցյալ տարվա դեկտեմբերին Չինաստանում, հիմա առկա է մորորակի ավելի քան 210 երկրներում և տարածքներում։

Աշխարհը, պետություններն ու մարդիկ հոգնել են կարանտիններից, երազում են վերադառնալ նախահամաճարակային վիճակին, երբ չկար սոցիալական հեռավորության կամ դիմակների պահանջ, բայց հենց թուլացնում են սահմանափակումները, վիրուսը նորից գլուխ է բարձրացնում։

Ամերիկայի տարբեր նահանգներում տեղական իշխանությունները սկսել են վերանայել ռեստորանների, բարերի և այլ բիզնեսների աշխատանքն արտոնելու որոշումները։

Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներով, միայն անցած 24 ժամում Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի առնվազն 42 հազար նոր դեպք։

Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ամերիկյան ազգային ինստիտուտի ղեկավար, կորոնավիրուսի դեմ պայքարի Սպիտակ տան թիմի անդամ, դոկտոր Էնթոնի Ֆաուչին երեկ ասել է, որ նոր բռնկումներ չէին լինի, եթե ախտահարումների թվի իջեցման առաջին միտումից սկսած Նահանգներում հետևեին առնվազն երկու շաբաթ սպասելու և միայն դրանից հետո սոցիալական և տնտեսական ակտիվությունն արտոնելու կանոնին։

«Առաջատարներն»​ են Կալիֆորնիան և Տեխասը

Ըստ բժիշկների, ամերիկացիներից շատերն են անտեսում դիմակներ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջը, ինչի արդյունքում համավարակը տարածվում է։ Երեկվանից շատ նահագներում դիմակ կրելը ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր։

Միացյալ Նահանգները կորոնավիրուսից ամենատուժած երկիրն է․ վարակվել է մոտ 2 միլիոն 600 հազար մարդ, մահացել է ավելի քան 126 հազար հիվանդ։

Մտահոգիչ ռեկորդի առումով առաջատարներն են Տեխասը և հայաշատ Կալիֆորնիան, ընդ որում Լոս Անջելեսն ինքնին դարձել է համավարակի նոր էպիկենտրոն՝ այնտեղ կորոնավիրուսի ավելի քան 100 հազար դեպք է գրանցվել։

Կալիֆորնիայի նահանգապետ Գավին Նյուսոմը կարգադրել է փակել Լոս Անջելեսի և նահանգի ևս վեց վարչական միավորների բոլոր բարերը։

«Շատերը չեն դրսևորում այն պատասխանատվությունը, որը մենք կարող էինք ակնկալել, դա վերաբերվում է և՛ սոցիալական հեռավորությանը, և՛ դիմակներ կրելուն», - դժգոհությամբ արձանագրել է նահանգապետը։

Արիզոնայում նահանգապետ Դագ Դյուսին կարգադրել է 30 օրով փակել բարերը, մարզական կենտրոնները, կինոթատրոնները և հանրային նշանակության մի շարք այլ հիմնարկներ։

Բարձրաստիճան հանրապետականները՝ դիմակի կողմնակիցներ

Մինչդեռ քաղաքական ամենավերին օղակներում դիմակ կրելու թեման տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել։

Նախագահին սատարող բարձրաստիճան հանրապետականներից Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելը և Ներկայացուցիչների տանը հանրապետականների փոքրամասնության ղեկավար Քևին ՄքՔարթին հանրությանը հորդորում են դիմակ կրել։

«Տանից դուրս գալուց և մարդկանց հետ շփվելուց դիմակ կրողին ոչ մի դեպքում որևէ մեկը չպետք է պիտակավորի, դիմակը, երեսը ծածկելը ոչ թե այդ անձին է պաշտպանում, այլ բոլորին, ում նա կհանդիպի», - ասել է ՄքՔոնելը։

«Դիմակ կրելը կոնկրետ անձի ընտրությունն է»​

Նախագահ Դոնալդ Թրամփը, որպես կանոն, դիմակ չի կրում։ Սպիտակ տան խոսնակ Քայլի ՄքԻնանին այդ կապակցությամբ ասել է, թե դիմակը կոնկրետ անձի ընտրության հարց է։

«Ցանկացած մարդ ինքն է որոշում՝ կրե՞լ, թե՞ չկրել դիմակ։ Նախագահը հորդորում է կիրառել պաշտպանվելու յուրաքանչյուրի նախընտրած միջոցը։ Նա ինձ հայտնել է, որ խնդիր չունի դիմակի և տեղական իշխանության սահմանած այլ պահանջների հարցում», - ասել է Քեյլի ՄքԻնանին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետություններին և քաղաքական առաջնորդներին կոչ է անում կորոնավիրուսի խնդիրը քաղաքականացնելու փոխարեն միավորվել և համատեղ ուժերով պայքարել դեռևս բարձր տեմպով տարածվող համավարակի դեմ։

«Վիրուսն օգտագործում է մեր տարաձայնությունները»

ԱՀԿ գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի փոխանցմամբ, համավարակը նույնիսկ չի մոտեցել ավարտական փուլին։

COVID-19 հիվանդության քաղաքականացումը երկրների միջև առաջացնում է պառակտումներ, որոնք խոչընդոտում են համաճարակի դեմ արդյունավետ պայքարելու միջազգային հանրության ջանքերը։

«Ի սկզբանե մենք ասել ենք, որ խնդրում ենք, COVID-ի քաղաքականությունը կարանտինի ենթարկեք։ Մեզ անհրաժեշտ է միասնություն, ազգային, պետական, քաղաքական գործիչների, ռասայական, գաղափարախոսական՝ որևէ անվանակարգում, պետք է բոլորիս միասնությունը, խնդրում ենք, խուսափեք պառակտումներից, տարաձայնություններից, որովհետև այդ վիրուսը դրանք օգտագործում է։ Մենք միայն միասին կարող ենք կռվել վիրուսի դեմ», - ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանն էլ խոսել է վիրուսն անվանելու եղանակով երկրներ պիտակավորելու մասին։ Նրա ակնարկը հասցեագրված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Թրամփն անցած ամիսներին նոր կորոնավիրուսն անվանել է «չինական վիրուս», իսկ վերջերս էլ հորինել է «քունգ-ֆլյու» տերմինը։

«ԱՀԿ-ի տեսակետից, մենք, իհարկե, ուզում ենք, որ միջազգային քննարկումն ընթանա փոխադարձ հարգանքի հիման վրա, որ մարդիկ բոլոր մակարդակներում բոլոր երկրներում օգտագործեն պատշաճ, հարգալից եզրույթներ, որոնց հատուկ չեն ինչ-որ բացասական ակնարկներ, այդ մասին գլոբալ ուղերձ ենք հղում, որովհետև վիրուսը նկարագրելիս աշխարհում շատ են կիրառում չարաբաստիկ բառապաշարը», - ասել է Մայքլ Ռայանը։

Եվրոպան բացում է սահմանները

Համավարակը զսպելու խնդիրը հիմնականում լուծած Եվրոպան թուլացնում է արգելքներն ու բացում է սահմանները։

Հուլիսի 1-ից 15 երկրների, այդ թվում Հայաստանի հարևան Վրաստանի քաղաքացիներին տրվում է Եվրամիություն այցելելու հնարավորություն։ Միացյալ Նահանգները, ինչպես նաև Ռուսաստանն ու Բրազիլիան այց ցանկում չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG