Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 10,3 միլիոնը, մահացել է շուրջ 505 հազար, բուժվել՝ 5,2 միլիոն մարդ


ԱՄՆ - Նյու Յորքում վերաբացված հագուստի խանութ, 22-ը հունիսի, 2020թ.

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 10,3 միլիոնը, մահվան դեպքերինը` 505 հազարը, բուժվել է ավելի քան 5,2 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը չի մարում, այլ, ընդհակառակը, արագ տարածվում է: «Մենք բոլորս ցանկանում ենք, որ սա ավարտվի: Բոլորս ուզում ենք ապրել մեր կյանքով: Բայց դաժան իրականությունն այն է, որ այն նույնիսկ չի մոտենում ավարտին: Չնայած շատ երկրներ որոշակի առաջընթաց են արձանագրել, համաճարակն իրականում արագանում է», - ասել է Թեդրոս Գեբրեյեսուսը լրատվամիջոցների հետ ճեպազրույցում:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեպքերի աճը ստիպել է մի շարք նահանգների կրկին փակել բարերը, ռեստորանները և այլ հաստատություններ, քանի որ, ըստ պաշտոնյաների, շատ մարդիկ անտեսում են առողջապահական ցուցումները՝ դիմակներ կրելու և ֆիզիկական հեռավորություն պահպանելու հետ կապված: ԱՄՆ-ում 24 ժամվա ընթացքում գրանցվել է առնվազն 42 հազար նոր դեպք: Ջոնս Հոփքինսի համալսարանի երեկ հրապարակած տվյալներից կարելի է եզրակացնել, որ երկիրը գործ ունի հիվանդության արագ տարածման հետ:

Սպիտակ տան թիմի անդամ, ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին մտահոգություն է հայտնել դեպքերի թվի աճի հետ կապված՝ ասելով, որ որոշ նահանգներ անտեսել են ուղեցույցները, ըստ որոնց՝ պետք էր սպասել երկու շաբաթ, վարակի կայուն անկմանը՝ նախքան բիզնեսներին վերաբացում թույլ տալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG