Մատչելիության հղումներ

Գույքահարկի նոր տարբերակի արդյունքում համայնքների բյուջեներ կմտնի մոտ 40 միլիարդ դրամ. Ջանջուղազյան


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հանդես է գալիս ասուլիսով, 30 հունիսի, 2020թ.

Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող գույքահարկի նոր տարբերակի արդյունքում Հայաստանի համայնքների բյուջեների մուտքերը կաճեն մոտ չորս անգամ՝ չորս տարվա ընթացքում աստիճանական բարձրացման արդյունքում՝ 2024թ. վերջին հասնելով մոտ 40 միլիարդ դրամի։ Այս մասին այսօր կառավարության լրատվական կենտրոնում կայացած հեռավար ասուլիսի ընթացքում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Առնվազն ընկալման տեսակետից պետք է որ փորձենք վերանայել մեր մոտեցումը նույն հարկ հասկացությանը, որովհետև դա միշտ դիտարկվում և ընկալվում է որպես բեռ, մինչդեռ մեր մոտեցումն այն է, որ դա ոչ թե բեռ է, այլ պահանջի իրավունք, ըստ էության, որը վճարողը ձեռք է բերում այն ծառայությունների համար, որոնք պետական բյուջեն կամ համայնքի բյուջեն ենթադրում է, որ օրենսդրությամբ պարտավորվել են մատուցել հանրությանը», - ասաց նախարարը:

Հարկային օրենսգրքում օրերս կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն, 2021թ. հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը՝ գույքահարկը, այլևս հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։ Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն աստիճանաբար: 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի հիման վրա հաշվարկված գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 50 տոկոսը, 2023-ին՝ 75-ը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թվականից:

Ասուլիսին մասնակցող Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանի խոսքով, կադաստրային արժեքները, որոնք Հայաստանում սահմանվել են սկսած 1994թ.-ից և որոշակիորեն փոխվել 1997թ., 2001թ. և 2003թ.-ին, էապես հետ են մնացել անշարժ գույքի իրական՝ շուկայական արժեքներից. - «Սկսած 94 թվականից սահմանվել է կադաստրային արժեք օրինակ` Երևան քաղաքի կենտրոնի համար, որը հարկման համար հիմք է հանդիսանում, մեկ քառակուսի մետրի համար 2585 դրամ է սահմանված, այսինքն` սա նշանակում է, որ առաջին գոտում գտնվող հազար քառակուսի մետր հողը, ըստ էության, արժե 2 միլիոն 585 հազար դրամ հարկման համար: Եվ որպես հարկ գեներացվում է մեկ տոկոսը 25 հազար դրամի չափով»:

2018թ.-ից վերանայվել են կադաստրային արժեքները, տեղի է ունեցել շուկայական գնահատում, և Հայաստանը գոտիավորվել է ու բաժանվել 20 գոտու։

Խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չհամաձայնվեց հնչող քննադատությանը, թե իշխանությունները որոշել են գույքահարկը բարձրացնել ճգնաժամի ընթացքում. - «Նոր կանոններով առաջին վճարումը մեր քաղաքացիները կատարելու են 2021 թվականի դեկտեմբերին, ընդ որում կատարելու են նոր գույքահարկերի 25 տոկոսի չափով, այսինքն` խոսել ճգնաժամային պայմաններում գույքահարկի բեռի ավելացման մասին, իմ կարծիքով, այդքան էլ արդարացի չէ: Հայաստանում կա ընդամենը 9 հազար 500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների մոտ 2.5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64 հազար դրամից բարձր է լինելու, այսինքն` եթե այդ 9 հազար 500-ի մեջ կլինեն օրինակ` բոլորը թոշակառուներ, ինչը խիստ անհավանական է, այդ դեպքում կան տարբեր մեխանիզմներ. եթե իրապես մարդու եկամտի միակ միակ աղբյուրը թոշակն է, ես վերցնում եմ այն տարբերակը, որ մարդն իրոք չի կարողանում գույքահարկը վճարի, այդ թոշակն օրենքով արգելանքի տակ դրվելու ենթակա չի: Բացի դրանից, կան նաև այլ մեխանիզմներ` համայնքի ավագանին ունի մինչև իր գույքահարկի եկամուտների 10 տոկոսի չափով, այսպես ասենք, ֆոնդ, որով կարող է այդ շրջանակներում արտոնություն տալ կոնկրետ մարդկանց կամ չեղարկել գույքահարկը, կամ հետաձգել, կամ զեղչով ինչ-որ բաներ անել»:

Իշխանության ներկայացուցիչների խոսքով, «գերագնահատված է», թե գույքահարկի բարձրացումը բացասաբար կանդրադառնա գործարար շրջանակների վրա։ «Պատկերացրեք` Մաշտոցի պողոտայում 1280 քառակուսի մետրանոց տարածք հասարակական նշանակության, մոտավորապես այնպիսի վայրում, որն ամենաիրացվելին կարելի է ասել գնահատականի տեսակետից, և նրա այսօրվա գործող հարկը 594 հազար դրամ է: Հիմա եկեք, պատկերացնեք այդ 1280 քառակուսի մետրում կազմակերպվող գործունեությունը, երկու դեպքում էլ թե սեփականատիրոջ համար որպես պասիվ եկամտի աղբյուր, ենթադրենք վարձակալության տալու դեպքում, և/կամ որևէ գործունեություն կազմակերպելու: Արդյո՞ք մենք համարում ենք, որ տարեկան 594 հազար դրամը ճշգրտորեն արտացոլում է այդ գույքի հետ կապված ծախսի մասնաբաժինը այդ գործունեության տեսակի մեջ: Կարծում եմ, որ չափազանց թերագնահատված է», - շեշտեց նախարար Ջանջուղազյանը:

«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանի փոխանցմամբ, գույքահարկի թանկացումը ի վերջո հանգեցնելու է նրան, որ հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունները, որոնք գրեթե առանց բացառության տարածքներ են վարձակալում, թանկացնելու են իրենց ծառայությունները կամ ապրանքները։

«Սա անդրադառնալու է հենց մանր բիզնեսին, որովհետև հեղափոխությունից հետո շատ-շատերը, ովքեր սև դաշտում էին աշխատում, այսինքն` չէին հայտարարագրում իրենց ամբողջ եկամուտը, հայտարարագրելուց հետո հարկերը դրեցին իրենց վարձակալների վրա, այսինքն` նրանց վրա, ովքեր իրենցից այդ խանութները և տարածքները վարձակալում են, նույնիսկ հարկերը թե 10 տոկոս էր, որոշ տեղեր 20 տոկոս դրեցին մանր բիզնեսի վրա: Հիմա սրանից հետևություն անելով` մենք կարող ենք համոզված պնդել, որ սրա բերած ծախսերը նույնպես գալու են վերջնական մանր բիզնեսի վրա», - նշեց Սամսոն Գրիգորյանը:

Նախագահի աշխատակազմից փոխանցում են, որ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է գույքահարկի վերաբերյալ օրենքը` միաժամանակ այն «ժամանակավրեպ» համարելով:

XS
SM
MD
LG