Մատչելիության հղումներ

Գույքահարկը բարձրացնելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովն այսօր 74 կողմ, 14 դեմ, 2 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Արտահերթ նիստում նախագիծը քննարկվում էր հատուկ՝ 24-ժամյա ռեժիմով: Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկում է բարձրացնել գույքահարկը: Սահմանվում են անշարժ գույքի հարկի բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ գույքային միավորների համար` նաև նոր դրույքաչափեր, օրինակ` 3 մլն դրամից ցածր արժողությամբ գույքի համար, որն այժմ չի հարկվում:

Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտարարեց՝ նախագծի նպատակը տեսանելի հարստությունը համարժեք հարկելն է, և բացատրեց, թե ինչն է խանգարում դա անել գործող կարգավորումներով. - «Գույքային հարկերի հարկման բազան, որը կադաստրային արժեքն է, էականորեն շեղված է դրանց շուկայական արժեքներից այն իմաստով, որ խիստ թերագնահատված է: Ստեղծված իրավիճակը հանգեցրել է նրան, որ գործնականում Հայաստանի Հանրապետությունում գույքային հարկերի ներուժը որպես այդպիսին գրեթե չի օգտագործվում: Մեզանում անշարժ գույքի միավորներից հավաքագրվող գույքային հարկերի կշիռը համախառն ներքին արդյունքի կառուցվածքում կազմում է ընդամենը 0.2 տոկոս: Համեմատության համար նշեմ, որ օրինակ` Վրաստանում այն կազմում է 1.1, ՌԴ-ում` 1.2»:

Հայաստանում գործող գույքային միավորների բոլոր խմբերի համար մշակվել են հարկման դրույքաչափերի և սանդղակների առանձին տարբերակներ: Հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար նոր համակարգին անցում կկատարվի չորս տարիների ընթացքում: Մասնավորապես, 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թվականին` 50 տոկոսը, 2023 թվականին` 75 տոկոսը։ Նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թվականից:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը» շարունակում է բոյոկոտել ԱԺ նիստերը, իսկ «Լուսավոր Հայաստանը» դեմ արտահայտվեց նախագծին։ ԼՀԿ-ից Մանե Թանդիլյանը արտակարգ դրության պայմաններում 24-ժամյա ռեժիմով գույքահարկի բարձրացման մասին նախագիծ քննարկելը խայտառակություն որակեց և շեշտեց՝ նախագծում բացակայում է սոցիալական բաղադրիչը. - «Գույքահարկը միջինում բարձրանում է մոտ 3-ից 4 անգամ, աներկբա է, որ չկա որևէ գույքային միավոր, որի բացարձակ արժեքով գույքահարկը չի ավելանում: 580 մոտավորապես հազար նոր գույքային միավոր դառնում է հարկատու, պարո՛ն Պողոսյան, ասում եք` տեսանելի հարստություն ենք հարկում, այդ 3 միլիոնանոց գո՞ւյքն է տեսանելի հարստություն: Որտե՞ղ է Ձեր ասածի մեջ այդ տրամաբանությունը, որ որևէ սոցիալական կոմպոնենտ, բաղադրիչ հաշվի չեք առել, բացարձակ»:

Իշխանական պատգմավորներից շատերը ևս հարց հնչեցնելու հնարավորություն չունեցան և իրենց ելույթների ընթացքում տված հարցերի միջոցով էին փորձում հասկանալ նախագծի բուն էությունը: Իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հարցնում էր` պետությունն ի՞նչ ուղերձ է հղում այն քաղաքացիներին, ովքեր ունեն թանկարժեք գույք, բայց հարուստ չեն. - «Իհարկե, հասկանում եմ, որ օրինակ` Կենտրոնում գույք ունեցող անձինք որպես կանոն ունեն բարեկեցության ավելի բարձր մակարդակ, քան ավելի հեռու թաղամասերում գույք ունեցող անձինք: Որպես կանոն դա այդպես է, բայց կան նաև կանոնից բացառություններ, և դրա մասին խոսվեց, օրինակ բերվեց այն անձանց, ովքեր, օրինակ, այդ գույքը ոչ թե նոր են ձեռք բերել, այլ ժառանգություն են ստացել, ժամանակին էլ այդ գույքը տրվել է, օրինակ, մշակութային գործիչներին և այլն»:

Նույնիսկ ելույթների միջոցով հնչեցվող ոչ բոլոր հարցերին հիմնական զեկուցողը հասցրեց անդրադառնալ, քանի որ հատուկ ռեժիմի պատճառով նրան հատկացված ժամանակը ևս սահմանափակ էր: Փոխնախարարը ներողություն խնդրեց մյուս պատգամավորներից ու ժամանակն օգտագործեց Մանե Թանդիլյանի ելույթին պատասխանելու համար. - «Տարբեր հնարավոր առիթներով պատրաստակամություն է հայտնվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության համար կազմակերպել ներկայացում, պատասխանել բոլոր հարցերին, բայց չի եղել որևէ նախաձեռնություն: Ասում եք` չկա որևէ գույքային միավոր, որի համար ավելացում չլինի: Տիկի՛ն Թանդիլյան, ես ասում եմ` 509 հազար գույքային միավորի համար 2021 թվականին բեռ է նվազում, Դուք ասում եք` չկա գեթ մեկ գույքային միավոր, որի համար ավելացում չլինի՞, ինչպե՞ս կարելի է: Ասում եք` 3 միլիոնը տեսանելի հարստություն չի, իհարկե համաձայն եմ Ձեզ հետ, 10 միլիոնն էլ տեսանելի հարստություն չի, բայց մեր նախագիծը 2 մաս ունի. եթե հետևել եք իմ ներածական խոսքին, ես ասացի, որ մի նպատակադրումն այն է, որպեսզի տեսանելի հարստությունն ավելի մեծ չափով հարկվի, ավելի պրոգրեսիվ չափով հարկվի, մի նպատակադրումն էլ այն է, որ առհասարակ գույքային հարկերի համակարգը համարժեք լինի: Հիմա Դուք նորմա՞լ եք համարում, որ օրինակ` Կապան քաղաքում 132 քառակուսի մետր բնակարանի համար հարկ չի վճարվում, Գավառում վճարվում է 440 դրամ, Հերացի փողոցի վրա 120 մետր քառակասուի մակերեսով բնակարանի համար վճարվում է 9 հազար դրամ: Եթե սա նորմալ եք համարում այն պարագայում, երբ օրինակ` 20 տարվա վաղեմության ռուսական արտադրության ավտոմեքենայի հարկն է 3 անգամ ավելի բարձր, ես բան չունեմ ասելու պարզապես»:

Խմբակցությունների անունից ելույթների ժամանակ ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին. - «Աշխարհը չգիտի` էս ճգնաժամից ոնց է դուրս գալու, երբ է դուրս գալու, ինչ տնտեսությունով է դուրս գալու, Հայաստանը չգիտի` ինչ անշարժ գույքի շուկա է ունենալու, ինչ փլատակներ են լինելու տնտեսության մեջ, իշխանությունը հարկային բեռը թանկացնում է:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը պնդեց՝ նախագիծը ոչ թե վատթարացնող ազդեցություն ունի, այլ մեղմացնող. - «Վատթարացնող ազդեցություն ունեցել է այն նախագիծը, որ անցած տարի ենք ընդունել, այսինքն` երբ մենք իրականությունից շեղված կադաստրային արժեքները մոտարկեցինք շուկայականին: Եվ դա պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականի հունվարի 1-ից, ու եթե մենք հիմա գույքահարկով էս փոփոխությունը չանենք, ստացվում էր` մարդկանց կողմից վճարվելիք գույքահարկերն աստղաբաշխական աճ էին ունենալու: Սա ֆիքսենք ու անցնենք առաջ, որ մենք հիմա այս նախագծով մեղմացնում ենք կադաստրային արժեքների մոտարկման նախագծի էֆեկտը»:

Հարցը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի և կքվեարկվի վաղը:

XS
SM
MD
LG