Մատչելիության հղումներ

Covid-19-ով հիվանդներից շատերի` «ծանր վիճակում հայտնվելու պատճառներից է ուշ դիմելիությունը»


Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում շարունակում է աճել, անցած մեկ օրում իրականացվել է 1273 թեստ, որից դրական են եղել 415-ը կամ մոտ 33 տոկոսը։ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նկատում է՝ կատարված թեստերի քանակը փոքր չէ։

«Որքան տվյալ օրն ունենում ենք թիրախային այսպես ասած` հետազոտություն իրականացնելու համար մարդիկ, ըստ դիմելիության աստիճանի նաև լինում է թեստավորման, հետազոտությունների թիվը», - ասաց նա:

Երեկ կորոնավիրուսի պատճառով մահացել է ևս 10 մարդ, հիվանդները եղել են 43-82 տարեկան, ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով. - «Երիտասարդ մահեր էլ ենք ունեցել, նրանց մեջ ունենք 43-ամյա, 46-ամյա տղամարդիկ: Մահացել են այո կորոնավիրուսից և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - փոխանցեց Նիկողոսյանը:

Այս պահին կորոնավիրուսից Հայաստանում բուժվում է 10 հազար 904 մարդ, նրանցից հոսպիտալացված են մոտ 2 հազար 4 հարյուրը։

Արտաշատի բժշկական կենտրոնում գտնվող կորոնավիրուսի դեմ բուժում ստացող 55-ամյա մի հիվանդ այսօր ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից: Նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով: Վիճակն այժմ ծանր է:

«Հիվանդն ընդունվել էր երեկ` հունիսի 29-ին, կորոնավիրուսային հիվանդության դրական դեպքով: Իսկ արդյոք դա եղել է ինքնասպանություն (փորձ), թե ոչ, դրանք ընդամենը վարկածներ են, և դա իրավապահ մարմինների մարմինների տիրույթում է, որպեսզի պարզեն, թե պատճառը որն է: Դեռ վաղ է ասել, թե դա ինչի հետևանք էր, այսինքն` ինքնասպանություն (փորձ) է, թե փախուստ է, այսինքն` բազմաթիվ վարկածներ կան, որը միայն պետք է քննության ընթացքում պարզվի», - նշեց ԱՆ խոսնակը:

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվում են 19 բժշկական կենտրոններ: Դրանց մի մասը ներգրավված է ամբողջությամբ, մյուս մասը` մեկ բաժանմունքով։ Այդ շարքում է նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնը, որը վերջին մեկ ամսում սպասարկել է մոտ 120 ստացիոնար հիվանդ, իսկ այս պահին բաժանմունքի բոլոր 40 մահճակալները զբաղված են, հայտնում է կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող վերապրոֆիլավորված բաժանմունքի ղեկավարը. - «Դինամիկա ասելը մի քիչ դժվար է գնահատել: Կարծում եմ` մի քիչ ավելի փոփոխությունը դրական, շատ քիչ կարելի է նկատել»:

Բաժանմունքի վարիչի խոսքով՝ հոսպիտալացված հիվանդներից շատերը հայտնվում են ծանր վիճակում տարբեր պատճառներով, դրանց շարքում գլխավորը ուշ դիմելիությունն ու քրոնիկ հիվանդությունների առկայությունն է. - «Պատճառները մեկը չեն, բազմաթիվ են, մի մասը մեկնաբանելի է, մի մասը` ոչ մեկնաբանելի, քանի որ վիրուսը դեռ շատ հասկանալի չի մեզ բոլորիս: Հիմնական պատճառը ուղեկցող հիվանդություններն են` շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ճարպակալում, բայց նաև երիտասարդ, առողջ պացիենտների մոտ էլ շատ ծանր, ծայրահեղ ծանր ընթացքներ ենք ունենում: Վիրուսը հստակ բացի թոքերից, ախտահարում է նաև տարբեր օրգաններ, բայց առաջնայինը թոքերն է»:

Թեև ըստ Առողջապահության նախարարության` տանը բուժվող հիվանդներով նախ պետք է զբաղվեն պոլիկլինիկաները, Ոսկանյանի խոսքով` հարյուրավոր մարդիկ դիմում են տարբեր բժշկական կենտրոնների բժիշկներին, իր ղեկավարած բաժանմունքում յուրաքանչյուր բժիշկ զբաղվում է մոտ 30-40 վարակվածով, սակայն տանը գտնվող մարդկանց բուժումը վարելով։ Այնուամենայնիվ, բժիշկն ասում է՝ վարակված մարդիկ պետք է հենց առաջին օրը դիմեն իրենց պոլիկլինիկայի բժշկին. - «Ճիշտ է` բժիշկների ոչ բոլոր մասն է պրոֆեսիոնալ այդ հարցով, բայց մի բան է, որ բժիշկն է մեզ զանգում, հիվանդին ներկայացնում, մի բան է, որ հիվանդը մնում է տանը, ինքը որոշում է` դե ջերմում էի, ոչինչ, զգացի` շունչս կտրվեց, նոր, ասենք ինքը օրերով սպասում-սպասում է, նոր է բժշկին դիմում»:

XS
SM
MD
LG