Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պետական հեռուստաալիքի հաղորդավարն աշխատանքից ազատվում է սահմանադրական հանրաքվեի պատճառով


Արտապատկերում Վլադիմիր Ժարինովի ֆեյսբուքյան էջից

«Ռոսիա 24 - Կրասնոյարսկ» հեռուստաալիքի հաղորդավար Վլադիմիր Ժարինովը Ռուսաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի պատճառով աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը սահմանադրական փոփոխությունները որակել է որպես «պատմական հանցագործություն»:

Ժարինովը պետական հեռուստաընկերությունում որպես հաղորդավար էր աշխատում 2013 թվականից: Նա նշում է, որ միշտ փորձել է օբյեկտիվ լինել:

«Այն, ինչ հիմա է կատարվում, ինձ համար հասկանալի չէ: Սահմանադրական փոփոխությունների փաթեթը պատմական հանցագործություն է», - գրել է Ժարինովը՝ ավելացնելով. - «Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ ամեն ինչ արդեն որոշված է, և որ սա մեր աշխատանքի մի մասն է: Միակ ելքը այս խելագարությանը չմասնակցելու համար՝ աշխատանքից ազատվելն է: Դե իհարկե, չեմ մասնակցի նաև քվեարկությանը»:

Ռուսաստանում հուլիսի 25-ին սկսվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը, այդ թվում՝ էլեկտրոնային, որի հնարավորությունից կարող են օգտվել միայն Մոսկվայի և Նիժնի Նովգորոդի բնակիչները:

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանի իշխանությունները որոշել են հանրաքվեն անցկացնել ոչ թե մեկ, այլ վեց օրում:

Հիմնականը փոփոխությունների փաթեթում նախագահական ժամկետների զրոյացումն է, ինչը թույլ կտա գործող նախագահ 66-ամյա Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում և իշխանության մնալ մինչև 2036 թվականը:

Քվեարկության արդյունքների հաշվարկը սկսվելու է հուլիսի 1-ի երեկոյան: Հունիսի 29-ի առավոտվա տվյալներով՝ հանրաքվեին արդեն մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող ռուսաստանցիների շուրջ 37,7 տոկոսը՝ 40 միլիոնից ավելի մարդ: Տվյալներն այսօր հրապարակել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Որպեսզի սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն, անհրաժեշտ է, որ դրանց հավանություն տան հանրաքվեին մասնակցած ռուսաստանցիների կեսից ավելին՝ մասնակցության ցուցանիշը նշանակություն չունի:

Իշխանությունները լայնածավալ գովազդային արշավ են սկսել: Հանրաքվեին մասնակցելու կոչով պաստառներն ու թերթիկներն ամենուր են՝ բնակելի շենքերի մուտքերում, վերելակներում, շենքերի բոլոր հարկերում, այգիներում, խանութներում, մետրոյում և այլն: Սահմանադրական փոփոխություններն ակտիվորեն գովազդում են նաև դաշնային հեռուստաընկերությունները:

Իսկ անկախ դիտորդներն ու լրագրողներն ահազանգում են բազմաթիվ խախտումների մասին, մասնավորապես՝ որ գործատուները, հատկապես՝ բյուջետային հիմնարկներում, քաղաքացիներին պարտադրում են մասնակցել հանրաքվեին:

XS
SM
MD
LG