Մատչելիության հղումներ

Պուտին. Համառուսաստանյան քվեարկության արդյունքները պետք է լինեն բացարձակ հավաստի և լեգիտիմ


Ռուսաստանում այսօր մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հեռավար և էլեկտրոնային փուլը: Սովորական քվեարկությունը կկայանա հուլիսի 1-ին: Շուրջ 1 միլիոն մոսկվացիներ արդեն գրանցվել են քաղաքապետարանի կայքում էլեկտրոնային քվեարկության համար:

Ընդդիմադիր լրատվամիջոցներն ահազանգում են, որ բյուջետային աշխատողներին ստիպում են գրանցվել կայքում էլեկտրոնային քվեարկության համար: Այսօր Дождь հեռուստաընկերության լրագրող Պավել Լոբկովը ուղիղ եթերում 2 անգամ քվեարկել է` ցույց տալու համար, որ հնարավոր է, որ նույն անձը 2 անգամ քվեարկի. - «Ստացվեց, բինգո, ինձ հաջողվեց 2 անգամ քվեարկել, եթե արկղը նաև իմ բնակարան բերեն, կստացվի, որ ես կկարողանամ 3 անգամ քվեարկել»:

Լոբկովի այս տեսագրությունը վկայում է, որ նախ էլեկտրոնային համակարգը նորմալ չի գործում, և երկրորդը, որ նույն այս մեխանիզմը իշխանությունները կարող են օգտագործել իրենց ուզած արդյունքը քվեարկությանը ցույց տալու համար:

Նախագահ Պուտինն այսօր Հանրային պալատի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունների քվեարկության արդյունքները պետք է բացարձակ լեգիտիմ լինեն. - «Մեր ընդհանուր կարևորագույն խնդիրն է, որ համառուսաստանյան քվեարկության արդյունքները լինեն բացարձակ հավաստի և լեգիտիմ: Այստեղ չի կարելի թույլ տալ ոչ մի պարտադրանք, էլ չեմ խոսում ներկայացված ձայների հաշվառման խափանումների մասին, որպեսզի հետագայում ոչ ոք երբեք կասկածի տակ չդնի այն դիրքորոշումը, որը կարտահայտեն Ռուսաստանի քաղաքացիները»:

Ռուսաստանցի անկախ փորձագետները, մտավորականները, ընդդիմությունը համոզված են, որ քվեարկության արդյունքները կլինեն այնպիսին, ինչպիսին կուզենա ներկայացնել Կրեմլը, և Պուտինի այսօրվա հայտարարությունն այդ քննադատության պատասխանն է:

Ռուսաստանի իշխանությունները մի կողմից գովազդում են հանրաքվեն` Մոսկվայի բնակելի շենքի մուտքերում, փողոցներում, այգիներում պաստառներ են, դաշնային ՀԸ-ը անդադար կոչ է անում քաղաքացիներին մասնակցել քվեարկությանը, մյուս կողմից` իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ քվեարկությանը պահպանվելու են անվտանգության կանոնները կորոնավիրուսով չվարակվելու համար:

Հիշեցնենք` կորոնավիրուսը Ռուսաստանում, պաշտոնական տվյալների համաձայն, նահանջում է: Այնուամենայնիվ այսօրվա տվյալներն էլ, օրինակ, փաստում են, որ 7 հազարից ավելի մարդ երկրում վարակվել է, 150-ը` մահացել:

Երկրի ընդդիմությունն այդպես էլ չի կողմնորոշվել ինչ ռազմավարություն որդեգրել այս քվեարկությանը` գնալ ընտրատեղամասեր և դեմ քվեարկել, թե բոյկետել: Ընդդիմության առաջնորդներից մեկը` Ալեքսեյ Նավալնին, մասնավորապես, ասում է, որ պետք է բոյկոտել: Նա ուզում էր հունիսի 27-ին բողոքի երթ կազմակերպել, սակայն Մոսկվայի իշխանություններն արգելել ես մասսայական հավաքները, թեև երեկ` հունիսի 24-ին, Մոսկվայում անցկացվեց Հաղթանակի զորահանդեսը, որին մասնակցել են 13 հազար զինծառայողներ, երկրի ղեկավարությունը, էլիտան, հյուրեր, իսկ մայրաքաղաքի փողոցներում էլ այդ զորահանդեսը դիտում էին հազարավոր մարդիկ` առանց դիմակների:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունները զրոյացնում են գործող նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետները և նրան 2024-ի ու 2030-ի նախագահական ընտրություններին նորից` 5-րդ և 6-րդ անգամ մասնակցելու սահմանադրական իրավունք տալիս: ՌԴ-ում նախագահ ընտրում են 6 տարով: Ինքը` Պուտինը, մի քանի օր առաջ չի բացառել իր մասնակցությունը 4 տարի հետո կայանալիք ընտրություններին, թեև հավելել է, որ դեռ չի որոշել:

XS
SM
MD
LG