Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 662-ով, ապաքինվել է 762 հոգի


Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 662-ով, մինչ օրս ընդհանուր առմամբ հաստատվել է 23 հազար 909 դեպք։

Կորոնավիրուսի հետևանքով երեկ մահացել է 10 մարդ՝ նրանք 60-ից մինչև 97 տարեկան էին։ Ըստ Առողջապահության նախարարության՝ մահացածներից միայն մեկը չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Այսպիսով, կորոնավիրուսը Հայաստանում արդեն 420 մարդու կյանք է խլել։ Երեկ երկու մարդ էլ ունենալով կորոնավիրուսի վարակ մահացել է այլ հիվանդության պատճառով։ Այսպիսի մահերի թիվն այսօրվա դրությամբ 133 է։

Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսից առողջացել է 762 մարդ, հիվանդությունը մինչ օրս հաղթահարել են 12 հազար 911 վարակվածներ։ Վերջին երկու օրերին առողջացածների թիվն ավելի մեծ է, քան հաստատված նոր դեպքերինը։

Այդուհանդերձ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակում հնարավոր է սահմանափակումները խստացնելու անհրաժեշտություն առաջանա։

«Չունենք այլընտրանք պարզապես, և առաջիկայում մենք պետք է գնանք հակահամաճարակային կանոնների խստացման: Քանի դեռ մենք այս թվերի փոփոխություն չունենք, քանի դեռ հակառակ դինամիկան չենք արձանագրել, մենք պետք է գանանք խստացման կանոններով, ընդ որում, այդ խստացումների փաթեթը կարող է ամենատարբեր ուղղություններն ունենալ: Մեր ռազմավարությունը հետևյալն է, որ մենք պետք է մաքսիմալ բարձր որակով կարողանանք կորոնավիրուսի հետ համատեղ ապրել՝ կանոնների համընդհանուր պահպանմամբ: Բայց մենք երբեք չենք բացառել, որ կարող է գալ մի իրավիճակ, երբ որ մենք նորից գնանք համընդհանուր սահմանափակումների՝ հասկանալով, որ դա կարող է ջարդել մեր տնտեսության ողնաշարը, բայց մարդկանց կյանքերը փրկելու այլ տարբերակ պարզապես չլինի», - ասաց Փաշինյանը:

Արդեն հինգ օր շարունակ օրական առնվազն 2000 մարդ կորոնավիրուսի թեստ է հանձնում։ Երեկ իրականացվել է 2062 թեստավորում, այդպիսով, թեստ հանձնածների ավելի քան 35 տոկոսի պատասխանը դրական է եղել:

Համաճարակաբան Հասմիկ Ղազինյանի խոսքով՝ համընդհանուր սահմանափակումների գնալ այժմ պետք չէ, պարզապես անհրաժեշտ է պահպանել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու ու հաճախակի լվացվելու պարզ կանոնները։ Մասնագետն ասում է՝ կորոնավիրուսի օրական հաստատված դեպքերի թիվը նշանակում է, որ միգուցե մի քանի անգամ ավելի մեծ թվով մարդիկ այժմ վարակված են, բայց ախտանշաններ չունեն:

«Կողմ չեմ՝ գնանք lockdown-ի, ես կողմ եմ պահպանել այն, ինչ պետք է պահպանենք: Ես կողմ եմ այն պահպանվի Հայաստանի Հանրապետության ցանկացած անկյունում, մարզում, գյուղերում, Երևանում, բոլոր անկյուններում: Այն, ինչ որ ես տեսնում, այն դեռ չի պահպանվում պատշաճ մակարդակով», - ասաց Հասմիկ Ղազինյանը:

Ղազինյանը դիմում է այն քաղաքացիներին, ովքեր չնայած Covid-ի օր օրի ահագնացող վիճակագրությանը դեռ ասում են՝ վիրուս չկա. «Դա քո իրավունքն է, մի հավատա, բայց պահպանիր իմ անվտանգությունը՝ չհավատալով պահպանիր իմ անվտանգությունը: Երեք ամիս է ես սա բարձրաձայնում եմ»:

Լեռնային Ղարաբաղում երեկ հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, վարակակիրը Ստեփանակերտի բնակիչ է: Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է՝ անձը շուրջ երկու շաբաթ մեկուսացված է եղել։

Ղարաբաղում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք դեռ չի գրանցվել, մինչ այժմ կորոնավիրուս է հաստատվել 115 մարդու մոտ, որոնցից 87-ն արդեն առողջացել է։

XS
SM
MD
LG