Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը


Հերթ երևանյան բանկերից մեկի դիմաց, հունիս, 2020թ.

Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը և դրանով սահմանված միանվագ աջակցություն տրամադրելու կարգը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ միջոցառման նպատակն է օժանդակել աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած քաղաքացիներին: Միջոցառման շահառու են հանդիսանում այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Միանվագ աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով:

22-րդ միջոցառումից չեն կարող օգտվել, մասնավորապես, այն անձինք, ում աշխատանքից ազատվելուն նախորդող երկու ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, ով հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. - «Մի քանի օր առաջ մենք արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում ապրիլին՝ համատարած սահմանափակումների շրջանում, շուրջ 70 հազար աշխատատեղ փակվել է, մայիսին դրանցից 50 հազարը վերականգնվել կամ բացվել է: Արդյունքում մենք արձանագրեցինք, որ մոտավորապես 20 հազար քաղաքացիներ կան, որոնք կորոնավիրուսի այս շրջանում աշխատանքը կորցրել են և նոր աշխատանք չեն գտել։ Մենք որոշում կայացրեցինք, որ այդ քաղաքացիներին ցուցաբերենք աջակցություն։ Ընդ որում, մենք հույս ունենք, որ աշխատանքի շուկայի վերականգնման այս պրոցեսը կշարունակվի»։

«Նաև մեր գործողությունների տրամաբանությունը հասկանալու համար է շատ կարևոր այս վիճակագրությունը», - ընդգծեց վարչապետը՝ շարունակելով. - «Ապրիլին ընթացիկ հաշիվների ուսումնասիրությամբ արձանագրում էինք, որ ՀՀ տնտեսությունը գահավիժում է, և դրա համար որոշեցինք տնտեսական գործունեության սահմանափակումները վերացնելու ճանապարհով գնալ: Եթե այդ որոշումը չկայացվեր, գուցե մայիսի արդյունքներով փակված լիներ ոչ թե 70 հազար, այլ 100 կամ 150 հազար աշխատատեղ»։

«Այս առումով շատ եմ կարևորում այն, որ մենք կարողանանք, ի վիճակի լինենք բոլորով չգնալ լոքդաունի վիճակի, որովհետև դա ցույց է տալիս, որ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատատեղեր փակվում են դրանից բխող սոցիալական, տնտեսական և այլ հետևանքներով։ Սա նշանակում է նաև, որ կարող է պետական եկամուտների հավաքման առումով խնդիրներն ավելի խորանան, ինչը կնշանակի, որ մենք կարող ենք խնդիրներ ունենալ ամենատարբեր, այդ թվում՝ առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով: Այսօր մենք այդ խնդիրը չունենք», - ասաց Փաշինյանը:

Պետության ղեկավարը տեղեկացրեց, որ աջակցությունը տրամադրվելու է միայն անկանխիկ եղանակով, որովհետև 9-րդ միջոցառման ժամանակ շահառուների թիվը մոտավորապես 180 հազար երեխա էր, ինչը նշանակում է մոտավորապես 100 հազարից ավելի շահառու: «Ենթադրվում էր, որ այդ մարդկանց մեծ մասը չունի բանկային քարտ և այլն: Կանխիկով տրամադրվեց բանկային համակարգումմ և այդտեղ էլ կար շատ հստակ խնդիր. ի՞նչ անել նրանց աջակցելու համար՝ իմանալով, որ դրանով նրանց շարժունակությունը ավելացնում ենք: Այսինքն՝ մարդը պետք է գնա ինչ-որ տեղ փող ստանա, հերթ կանգնելու պրոբլեմի առաջ կանգնի և այլն, թե ասել, որ քանի որ կորոնավիրուս է՝ այդ մարդկանց ոչ մի բանով չենք օգնում՝ վարակի տարածման շարժունակությանը չնպաստելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ սոցիալական ծանր վիճակը հաշվի առնելով՝ որոշել են, որ պետք է օգնություն ցուցաբերեն:

Վարչապետի խոսքով, քանի որ քաղաքացիները հերթ կանգնելու և սոցիալական հեռավորություն պահելու սիրահար չեն, արդյունքում ունեցանք նաև համաճարակային իրավիճակի որոշակի վատթարացում:

«Իմիջիայլոց հերթ կանգնելու խնդիրը մինչև հիմա որևէ համակարգում լուծված չէ», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG