Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան․ Քոչարյանի կողմը ակնկալիքներ ուներ ՍԴ դատավորների հին կազմից


Փաստաբան Տիգրան Եգորյան

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի՝ դիմումը հետ վերցնելու հարցը Սահմանադրական դատարանը քննության առարկա կդարձնի հունիսի 30-ին։ Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցեց դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։

Երեկ Քոչարյանի փաստաբանական խումբը հետ վերցրեց մեկ տարի առաջ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը, որով պահանջում էին ստուգել իրենց պաշտպանյալին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու մասին 300.1 հոդվածի սահմանադրականությունը։

Մյուս երեքշաբթի, քննելով հարցը, ՍԴ-ն կամ պետք է որոշի կարճել նրանց դիմումը, կամ էլ շարունակել այն քննել։ Նույնաբովանդակ դիմում է ներկայացրել նաև Քոչարյանի գործը սկզբում քննած ու նրան կալանքից ազատ արձակած Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Վերջինս իր դիմումը հետ չի վերցրել։

Երկրորդ նախագահի պաշտպանները երեկ հայտարարեցին, թե իրենց դիմումը հետ են վերցնում Սահմանադրական դատարանի շուրջ վերջին զարգացումների հետ չնույնացվելու պատճառով։ Նման դիրքորոշում է հայտնել հենց անցած շաբաթ 2 միլիարդ դրամ գրավով մոտ մեկ տարվա կալանքից ազատ արձակված պաշտոնաթող նախագահ Քոչարյանը։

Բարձր դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակված է 2020 թվականի նիստերի ժամանակացույցը, որտեղ տեղեկատվություն կա այն մասին, որ հուլիսի 7-ին կսկսվի Քոչարյանի և դատավոր Դավիթ Գրիգորյանի միավորված դիմումների քննությունը։

Մարտի 1-ի 10 զոհերի 9-ի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն «Ազատության» հետ զրույցում նկատեց, որ դիմումը հետ վերցնելը չի նշանակում, թե գործը կկարճվի։ Բարձր դատարանը պետք է քննության արդյունքում որոշի՝ կարճել, թե ոչ:

Ինչո՞ւ երկու տարի շարունակ քաղաքական հետապնդման մասին բարձրաձայնող Քոչարյանը դիմեց նման քայլի։ Եգորյանը պնդմամբ, Քոչարյանի կողմը ակնկալիքներ ուներ ՍԴ դատավորների արդեն հին կազմից. – «Առնվազն ես ունեմ համոզմունք, որ ոչ միայն կազմի նախընտրելիության խնդիր կա, այլ կոնկրետ այդ կազմով պայմանավորված նաև գործի կոնկրետ ելքի վերաբերյալ ակնկալիքներ կային: Ես կարծում եմ, որ նրանք էլ ակնկալում էին, որ կկարողանան բավարարել այդ դիմումը»:

Պաշտոնաթող նախագահի փաստաբանները երեկ հայտարարեցին՝ նախագահը հստակ դիրքորոշում է հայտնել, որ եթե իր գործի պատճառով պարլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պահանջում է, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյան. – «Մեր ընդհանուր պահանջ, հորդոր, խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում, ո'չ պարոն Քոչարյանի, ո'չ փաստաբանական թիմից որևէ մեկի անունը չշոշափել»:

Մինչդեռ Եգորյանը սա իրական պատճառը քողարկելու մի պատրվակ է համարում. – «Էն որոշումը, որի մասին մենք քննարկեցինք, որը կոնկրետ անձանց խումբ ենթադրում էր, որ Սահմանադրական դատարանի անունից կկայացվի, [ենթադրում էր] և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը, դա կարելի է նաև ձևակերպել, որպես քաղաքական շարժառիթներով մի ակտ, որը շատ կոնկրետ իրավական հետևանքներ էր ունենալու… Ոչ միայն Քոչարյանին ազատելը, այլ առհասարակ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելը և գործը կարճելը»:

Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցն համաձայն է Եգորյանի հետ: Նրա խոսքով, սա նշանակում է, որ քաղաքական հետապնդման մասին բարձրաձայնող Քոչարյանը բարձր դատարանի արդեն հին կազմից ակնկալում էր ոչ թե իրավական, այլ քաղաքական գնահատական, և նախկին իշխանության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանի ղեկավարած ՍԴ-ն առաջին հայացքից իրավական թվացող հարցին կարող էր տալ քաղաքական գնահատական՝ փորձելով Քոչարյանին ազատել քրեական պատասխանատվությունից։

«Իրենք ի սկզբանե քաղաքականացրել են, հիմա խոսել չքաղաքականացնելու մասին մի տեսակ անլուրջ է: Սա զուտ քաղաքական և պաշտպանական մանիպուլյացիայի էլեմենտ է: Իրենք հասկացել են, որ Սահմանադրական դատարանը գուցե նոր կազմով չընդունի իրենց սրտի որոշումը, դա նաև էդ բանը կարող է լինի», - հավելեց իրավապաշտպանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները շարունակում են վստահեցնել, որ դիմումը հետ վերցնելը որևէ կապ չունի ՍԴ կազմում փոփոխությունների հետ, ըստ որոնց Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահը չէ, իսկ 12 տարուց ավելի պաշտոնավարած երեք դատավորները ուղարկվում են թոշակի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG