Մատչելիության հղումներ

Վարչապետ. Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Սահմանադրական փոփոխությունները մտան ուժի մեջ, կեսգիշերին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն», - նշել է նա` հավելելով, որ երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ։

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը շեշտել է` Հայաստանի բոլոր պետական մարմինները պարտավոր են ի գիտություն ընդունել այս իրողությունը և առաջնորդվել ըստ այդմ։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Սահմանադրության փոփոխությունները։

ՍԴ վերոնշյալ 4 անդամները երեկ հայտարարությամբ իշխող ուժի ներկայացուցիչներին հորդորել էին «դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից»։ Մասնավորապես, նշել էին, որ դա արձագանքն է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու հայտարարությանը:

Այսօրվանից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն։ Իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։

XS
SM
MD
LG