Մատչելիության հղումներ

Դեղորայքի հարցերով Եվրոպական գործակալությունը արտոնեց «Ռեմդեսիվիր»-ը` կորոնավիրուսի բուժման համար


Դեղորայքի հարցերով Եվրոպական գործակալությունը պաշտոնապես արտոնեց «Ռեմդեսիվիր»-ը օգտագործել կորոնավիրուսով վարակված առավել ծանր վիճակում գտնվող հիվանդներին բուժելու համար: Համապատասխան որոշումը, որը, ըստ էության, «կանաչ լույս» է վառում նաև դեղամիջոցը Եվրամիության (ԵՄ) տարածքում վաճառելու համար, պետք է հաստատվի նաև ԵՄ գործադիր մարմնի կողմից, ինչը, սակայն ֆորմալ հարց է:

Ակնկալվում է, որ առաջիկայում Եվրոպայում այդ դեղամիջոցը կներառվի Covid-19-ի բուժման ուղեցույցներում։ «Ռեմդեսիվիր»-ը, որը փաստացի առաջին դեղամիջոցն է կորոնավիրուսի դեմ պայքարում, ավելի վաղ փորձարկել են Միացյալ Նահանգներում, Ասիայում և Եվրոպայում: Արդյունքները ցույց են տվել, որ կորոնավիրուսով վարակված ավելի քան հազար մարդ այդ դեղամիջոցի օգնությամբ ապաքինվել է միջինը մեկուկես անգամ ավելի արագ, քան այն հիվանդները, որոնց տրվել է այլ դեղամիջոց՝ 15 օրվա փոխարեն 11 օրում:

Այն թերևս այս պահին առկա միակ դեղամիջոցն է, որն ունակ է արագ ու արդյունավետ բուժել թոքերը, շատ դեպքերում այլ օրգաններ վտանգող կորոնավիրուսի վարակը: Շուրջ կես միլիոն մարդու կյանք կյանք խլած կորոնավիրուսի դեմ հատուկ թերապիա առայժմ գոյություն չունի: Աշխարհով մեկ մոտ տասը միլիոն հիվանդներին հիմնականում ցուցաբերում են սիմպտոմատիկ բուժօգնություն, այսինքն` պայքար է ընթանում ոչ թե բուն վարակի, այլ դրա դրսևորումների դեմ:

«Ռեմդեսիվիր»-ը պատկանում է հակավիրուսային դեղամիջոցների շարքին, այսինքն՝ այն գործում է հենց վարակի դեմ, այլ ոչ թե կորոնավիրուսի հետևանքով քայքայված իմունային համակարգի վերականգնման ուղղությամբ: Դեղամիջոցը ստեղծվել է 2015 թվականին էբոլա հիվանդության դեմ, սակայն «Ռեմդեսիվիր»-ի գաղափարը ծագել է դեռևս մերձավորարևելյան MERS վարակից մահացությունն ուսումնասիրելիս. դեղամիջոցը, ինչպես մասնագետներն են փորձում պարզ նկարագրել, կարողանում է «խաբել» վիրուսին և ոչնչացնել այն կամ գոնե նվազագույնի հասցնել դրա հետևանքները՝ կանխելով հնարավոր տարածումը:

Կորոնավիրուսի համաճարակի դեմ այս պահին աշխարհում փորձարկումների փուլում է գտնվում ավելի քան 150 դեղամիջոց: Գիտնականները փորձում են պարզել, թե արդեն գոյություն ունեցող դեղերից որն է առավել արդյունավետ ազդում վիրուսի վրա. խոսքը հիմնականում երեք տեսակի դեղերի մասին է՝ հակավիրուսային, որն ի վիճակի լինի չեզոքացնել արդեն օրգանիզմում առկա վարակը, իմունային համակարգը կայունացնող և հակամարմիններ պարունակող դեղեր, որոնք կարող են պայքարել վարակի դեմ:

Անցած շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց Covid-19-ի բուժման հարցում ևս մեկ գիտական առաջընթացի մասին` հիմնվելով բրիտանացի մասնագետների իրականացրած փորձերի վրա։ Օքսֆորդի համալսարանի հետազոտությունը, մասնավորապես, ապացուցել է, որ բավականին էժան և հասանելի դեղամիջոցներից մեկը՝ դեքսամետազոնը, կարող է էականորեն՝ շուրջ 33 տոկոսով նվազեցնել կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների մահվան հավանականությունը։ Դեքսամետազոնը գործածության մեջ է ավելի քան 50 տարի և կիրառվում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի, թոքերի բուժման համար։

XS
SM
MD
LG