Մատչելիության հղումներ

«Ռեմդեսիվիր»-ը «կարող է դառնալ կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը»


ԱՄՆ - «Ռեմդեսիվիր»-ը Gilead-ի լաբորատորիայում, Լա Վերն, Կալիֆորնիա, մարտ, 2020թ.
ԱՄՆ - «Ռեմդեսիվիր»-ը Gilead-ի լաբորատորիայում, Լա Վերն, Կալիֆորնիա, մարտ, 2020թ.

«Ռեմդեսիվիր» հակավիրուսիային դեղամիջոցի զանգվածային կլինիկական փորձարկումները հաստատում են դրա միանշանակ արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Թեև հետազոտությունները շարունակվում են, սակայն արդեն նախնական արդյունքներն այնքան համոզիչ են, որ ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ հաստատելով դեղամիջոցի արդյունավետությունը:

«Տվյալները վկայում են «Ռեմդեսիվիր»-ի միանշանակ դրական արդյունքը», - հայտարարել է ինստիտուտի տնօրեն, նոր կորոնավիրուսի դեմ պայքարի Սպիտակ տան հատուկ հանձնախմբի անդամ Էնթոնի Ֆաուչին՝ հավելելով, որ դեղամիջոցի փորձարկումն ընձեռել է բուժման շատ կարևոր ապացույց և վկայում է, որ դեղը կարող է զսպել կորոնավիրուսի ազդեցությունը:

Մոտ երկու ամիս առաջ մեկնարկած փորձարկումներին Միացյալ Նահանգներում, Ասիայում և Եվրոպայում մասնակցել է կորոնավիրուսով վարակված ավելի քան հազար մարդ, արդյունքում պարզվել է, որ նրանք այդ դեղամիջոցի օգնությամբ ապաքինվել են միջինը մեկուկես անգամ ավելի արագ, քան այն հիվանդները, որոնց տրվել է այլ դեղամիջոց՝ 15 օրվա փոխարեն 11 օրում:

Չինաստանում, մինչդեռ, դեղամիջոցի փորձարկումը դրական արդյունք չի ապահովել: Ըստ Միացյալ Նահանգների գլխավոր համաճարակաբանի՝ «Չինաստանում այդ հարցով համարժեք ուսումնասիրություն չեն կատարել»:

Ֆաուչիի համոզմամբ՝ «Ռեմդեսիվիր»-ի արդյունավետության հաստատումը կարելի է համեմատել 1986 թվականին ՄԻԱՎ-ը բուժող դեղը գտնելու հետ:

Մասնագետները նշում են, որ եթե հետազոտության վերջնական արդյունքները զգալիորեն չտարբերվեն ընթացիկ փաստերից, ապա «Ռեմդեսիվիր»-ը կդառնա կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը:

Ավելի քան 200 հազար մարդու կյանք խլած կորոնավիրուսի դեմ հատուկ թերապիա առայժմ գոյություն չունի: Աշխարհով մեկ ավելի քան 3 միլիոն հիվանդներին հիմնականում ցուցաբերում են սիմպտոմատիկ բուժօգնություն, այսինքն` պայքար է ընթանում ոչ թե բուն վարակի, այլ դրա դրսևորումների դեմ:

«Ռեմդեսիվիր»-ը պատկանում է հակավիրուսային դեղամիջոցների շարքին, այսինքն՝ այն գործում է հենց վարակի դեմ, այլ ոչ թե կորոնավիրուսի հետևանքով քայքայված իմունային համակարգի վերականգնման ուղղությամբ: Դեղամիջոցը ստեղծվել է 2015 թվականին էբոլա հիվանդության դեմ, սակայն «Ռեմդեսիվիր»-ի գաղափարը ծագել է դեռևս մերձավորարևելյան MERS վարակից մահացությունն ուսումնասիրելիս. դեղամիջոցը, ինչպես մասնագետներն են փորձում պարզ նկարագրել, կարողանում է «խաբել» վիրուսին և ոչնչացնել այն կամ գոնե նվազագույնի հասցնել դրա հետևանքները՝ կանխելով հնարավոր տարածումը:

Առողջապահության ոլորտի մասնագետները տարբեր երկրներում աննախադեպ մեծ հետաքրքրություն են դրսևորում էբոլայի բուժման համար նախատեսված «Ռեմդեսիվիր»-ի նկատմամբ: Այն թերևս այս պահին առկա միակ դեղամիջոցն է, որն ունակ է արագ ու արդյունավետ բուժել թոքերը, շատ դեպքերում այլ օրգաններ վտանգող կորոնավիրուսի վարակը:

Անցած ամիս «Ռեմդեսիվիր»-ի արտադրությունն իրականացնող Gilead ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է ամերիկյան հիվանդանոցներին տրամադրել 1,5 միլիոն չափաբաժին, որը բավարար է ավելի քան 140 հազար հիվանդների համար՝ կախված նրանց բուժման տևողությունից: Դեղամիջոցն ամերիկյան կառավարության կողմից արդեն պաշտոնապես հաստատվելուց հետո հնարավոր կլինի կոմերցիոն վաճառքը:

«Ռեմդեսիվիր»-ը կորոնավիրուսի համաճարակի դեմ այս պահին աշխարհում փորձարկումների փուլում գտնվող ավելի քան 150 դեղամիջոցներից մեկն է: Գիտնականները փորձում են պարզել, թե արդեն գոյություն ունեցող դեղերից որն է առավել արդյունավետ ազդում վիրուսի վրա. խոսքը հիմնականում երեք տեսակի դեղերի մասին է՝ հակավիրուսային, որն ի վիճակի լինի չեզոքացնել արդեն օրգանիզմում առկա վարակը, իմունային համակարգը կայունացնող և հակամարմիններ պարունակող դեղեր, որոնք կարող են պայքարել վարակի դեմ:

XS
SM
MD
LG