Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն կհզորացնի ռազմական ներկայությունը Լեհաստանում


Լեհաստանի և ԱՄՆ նախագահներ Անջեյ Դուդան և Դոնալդ Թրամփը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 24-ը հունիսի, 2020թ.
Լեհաստանի և ԱՄՆ նախագահներ Անջեյ Դուդան և Դոնալդ Թրամփը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 24-ը հունիսի, 2020թ.

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան դարձավ օտարերկրացի առաջին ղեկավարն, ով կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ գրեթե ամբողջ աշխարհում հաստատված կարանտինային սահմանափակումների պայմաններում այցելեց Միացյալ Նահանգներ և հանդիպեց նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Կողմերը քննարկել են Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայությունը մեծացնելու և ռազմական ասպարեզում լեհ-ամերիկյան համագործակցությունն ընդարձակելու հնարավորությունը։ Լեհերը մշտապես պնդում են, որ ՆԱՏՕ-ի հյուսիս-արևելյան սահմանը Ռուսաստանից պաշտպանելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր։

Նախագահ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է դուրս բերել Գերմանիայում ծառայող ամերիկյան ուժերի զգալի մասը։ Լեհաստանն էլ նկատել է տվել, թե պատրաստ է իր տարածքում տեղակայել ամերիկացիներին։

Թրամփը Գերմանիային հաճախ է քննադատում ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը պահանջված չափով չիրականացնելու, ինչպես նաև «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարից չհրաժարվելու համար։ Այդ ծրագրով ռուսական գազը պետք է Բալթյան ծովով հասնի Գերմանիա, ապա փոխադրվի եվրոպական տարբեր երկրներ։

Թրամփը նշել է, որ լեհերը պատրաստ են վճարել ամերիկյան ստորաբաժանումների տեղակայման գումարը։ «Մենք, հավանաբար, մեր զինծառայողներին Գերմանիայից դուրս հանենք, մի մասը կտեղափոխենք Լեհաստան, Գերմանիայից ամերիկացիների լուրջ դուրսբերում է նախատեսում. հիմա այնտեղ կա 52 հազար ամերիկացի, թիվը կիջեցվի մինչև 25 հազար», - հայտնել է Թրամփը։

Նրա փոխանցմամբ, Լեհաստանը ՆԱՏՕ-ի այն ոչ մեծաթիվ երկրներից է, որը պատշաճ եղանակով միջոցներ է հատկացնում պաշտպանության ոլորտին։

Ի դեպ, «Հյուսիսասային հոսք-2» գազատարի հարցում ԱՄՆ-ի և Լեհաստանի, ինչպես նաև բալթյան երեք հանրապետությունների դիրքորոշումներում տարբերություն չկա՝ լեհերը, լատվիացիները, լիտվացիները և էստոնացիները դեմ են այդ ծրագրին` պնդելով, որ դրա իրագործումն ուժեղացնելու է էներգետիկայի հարցում Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից։ Երեկ Թրամփն այդ թեման կապել է ՆԱՏՕ-ի հետ։

«Գերմանիան գազի համար միլիարդավոր դոլարներ պետք է վճարի Ռուսաստանին, իսկ մենք Գերմանիային պաշտպանե՞նք Ռուսաստանից»,- այդպես է արձագանքել Թրամփը Սպիտակ տան համալիր երեկ այցելած լրագրողներից մեկի հարցին։

Նա ընդգծել է, որ լեհ-ամերիկյան պայմանագիրը կլինի Ռուսաստանին հասցեագրված հստակ քաղաքական ուղերձ։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ Ամերիկան կարող է բնականոն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ։

Լեհաստանի նախագահն ասել է, որ լեհ-ամերիկյան համագործակցությունը թևակոխում է նոր փուլ, հնարավոր է դառնում Լեհաստանում ամերիկյան ուժերի ավելացումը։ «Ես խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, մենք համաձայնել ենք, որ եվրոպացիների համար շատ կարևոր է ամերիկյան ուժերի ներկայությունը, եթե Եվրոպայի որևէ հատվածից այն դուրս բերվի, դա անպայման կթուլացնի Եվրոպայի անվտանգությունը, ուստի, մենք համոզված ենք, որ ամերիկյան զորքը Եվրոպային անհրաժեշտ է»,- թարգմանչուհու միջոցով ասել է Անջեյ Դուդան։

Այս այցը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի համար էլ է կարևոր, քանի որ առաջիկա կիրակի օրը Լեհաստանում նախատեսված են նախագահական ընտրություններ, և արդյունավետ հանդիպումն աշխարհի գերտերության ղեկավարի հետ կնպաստի ընտրարշավին։

Քվեարկությունը Լեհաստանում պետք է տեղի ունենար մայիսի 10-ին, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։

XS
SM
MD
LG