Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ևս կքվեարկվի այսօր


Վահագն Հովակիմյանը («Իմ քայլը») ներկայացում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ 22 հունիսի,2020թ․
Վահագն Հովակիմյանը («Իմ քայլը») ներկայացում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ 22 հունիսի,2020թ․

Ազգային ժողովը այսօր 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ և առանց ընդդիմադիրների՝ ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի, առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը ըստ էության գալիս է փոխարինելու հետաձգված Սահմանդրական հանրաքվեին:

Նախագծով առաջարկվում է դադարեցնել 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները և թափուր տեղերը լրացնելուց հետո կազմակերպել դատավորների կողմից Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություն: Այդպիսով կդադարեցվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը: Ստացվում է, որ Սահմանադրության 213 հոդվածի առաջարկվող փոփոխությամբ կդադարեցվեն Սահմանադրական դատարանի 9 անդամներից 3-ի՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ անդամ:

Հիմնական զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը հիմնավորեց, թե այդպիսով Սահմանադրական դատարանը համապատասխանեցվում է Սահմանադրության 2015 թվականին ընդունված Սահմանադրության 7-րդ գլխի պահանջներին:

Նա, մասնավորապես, ասաց. – «Ճգնաժամի պատճառը այն գործունեությունն է, որը այդ մարմինը ծավալել է իր հիմնադրման պահից` 1996 փետրվարի 6-ին հաջորդած 22 տարիներին»:

Չնայած ընդդիմադիր խմբակցությունների բացակայությանը, մտահոգ պատգամավորներ այնուամենայնիվ կային: «Իմ քայլից» Թագուհի Թովմասյանը մի շարք հարցեր բարձրաձայնեց. ինչո՞ւ նախագիծը ՍԴ չենք ուղարկում, ինչո՞ւ չսպասեցինք գործընթացի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. – «Եթե չպիտի լսեինք խորհուրդը, ինչո՞ւ էինք հարցնում»:

Հովակիմյանն արձագանքեց. – «Իրականում մենք հենց էդ կարծիքով ենք առաջնորդվում»:

Հարակից զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ելույթում ամփոփեց Վենետիկի հանձնաժողովից ստացված կարծիքը՝ վստահեցնելով, որ այն ամբողջությամբ համահունչ է ներկայացված նախագծի հետ. – «Հիմնական կետերի կոնցեպտուալ մասով առկա է համաձայնություն որդեգրված սկզբունքի և 15 թվականի Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչելու իշխանությունների տարբերակի միջև»:

Բադասյանը ասում է, որ չնայած վերջնական եզրահանգման մեջ Վենետիկի հանձնաժողովը 12 տարվա սահմանափակման տարբերակը ընդունելի է համարել , այդուհանդերձ նաև նշել է նոր ժամկետների աստիճանական ներդման մասին` առաջարկելով հետևյալ բանաձևը. այդ անցումային շրջանը որոշել տվյալ դատավորների նախորդ Աահմանադրությամբ սահմանված ժամկետների հարաբերակցության տեսանկյունից. – «Էստեղ կա մի խնդիր: Կարող ենք ունենալ էնպիսի իրավիճակ, որ այն դատավորները, ում լիազորությունները ենթակա կլինեն դադարեցման, եթե անցումային շրջան սահմանենք, իրենք ավելի երկար պաշտոնավարեն, քան այն դատավորները, ովքեր սահմանափակված են լինելու 12 տարի ժամկետով` եթե հիմք ընդունվի այն բանաձևը, որը առաջարկել է Վենետիկի հանձնաժողովը»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Բադասյանին հարցրեց նախկին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հարցազրույցի մասին, որում Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին մեղադրում է իրավունքը օրվա իշխանությունների քաղաքական նպատակներին ծառայեցնելու մեջ:

Բադասյանն արձագանքեց. – «Վենետիկի հանձնաժողովի նման հեղինակավոր կառույցը չի կարող որևէ կերպ և որևէ դեպքում իր հեղինակությունը և ընդհանրապես իրավունքի սկզբունքները մի կողմ դնի և որևէ երկրի որևէ իշխանության համար էսպես ասած հարմար տարբերակ մատուցի»:

Պատգամավոր Մարիա Կարապետյանը նկատեց, թե իսկապես լավագույն տարբերակը կլիներ սահմանադրական ճգնաժամը հանրաքվեի միջոցով լուծելու համար, բայց քաղաքացիների առողջություն ու անվտագությունը այս փուլում առավել կարևոր է: Նկատենք, որ հանրաքվեն դեռ չի չեղարկվել, բայց խորհրդարանն ընդունել է օրենք, որը հնարավորություն է տալիս չեղարկել ապրիլի 5-ին նշանակված և հետաձգված սահմանադրական հանրաքվեն:

«Այս լուծումը այն ծավալով չի լուծում Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված ճգնաժամը, ինչպես դա կաներ հանրաքվեն: Եվ այս հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում սահմանադրական մեծ փոփոխությունների համատեքստում», - ասաց Կարապետյանը:

Պատմգավոր Քրիստինե Պողոսյանը հարցրեց՝ ո՞ւր են ընդդիմադիր խմբակցությունները. – «Տիկնայք և պարոնայք, որտե՞ղ եք... Ես իհարկե գիտեմ որտեղ են նրանք, նրանք այնտեղ են, ուր լինում են միշտ, երբ որ Հայաստանի Հանրապետությունում պետության համար կարևորագույն հարցեր են որոշվում: Շարունակեք մնալ այդտեղ` լուսանցքից դուրս»:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրուցյում ասաց, որ չնայած արտահերթ նիստի մասնակցության վերաբերյալ տարբեր մոտեցումներին, ԱԺ նիստերը բոյկոտելու մասին հայտարարած ԲՀԿ-ն որոշել է այս արտահերթին ևս չմասնակցել, քանի որ այս նախագծով «սահմանադրական հեղաշրջման սկիզբն է դրվում». – «Այս նախաձեռնությամբ Հայաստանում հիմք է դրվում և հաստատվում է բռնապետություն, ուստի «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու մի նիստի, որի իրավական և քաղաքական հետևանքների համար նիստի բոլոր մասնակիցները, բոլոր դերակատարները կրելու են իրավական և քաղաքական պատասխանատվություն»:

«Լուսավոր Հայաստանից» դեռ առավոտյան ճեպազրույցներին էին հայտարարել իրենց վերապահումներ ու ասել, որ ամենայն հավանականությամբ չեն մասնակցի: «Եթե տեսնենք, որ անիմաստ ա ընդհանրապես անգամ մասնակցությունը, չենք գնա, որովհետև ինչ որ ասել ենք, նախորդ նիստին ասել ենք» (Էդմոն Մարուքյան):

Նկատենք արտահերթ նիստը անցկացվում է հատուկ ընթացակարգով` 24 ժամվա ռեժիմով։ Առաջին ընթեցումից հետո 3 ժամ հատկացվեց գրավոր առաջարկություների համար և հանձնաժողովի նիստ գումարվեց:

Երկրորդ ընթերցումից առաջ Վահագն Հովակիմյանը առաջարկեց կարգավորում, որը հնարավորություն է տալիս նախագիծն ընդունված համարել առանց նախագահի ստորագրության. – «Պարզաբանեմ. ըստ այս փոփոխության, սահմանադրական փոփոխությունները ընդունվելուց հետո Ազգային ժողովի նախագահը ընդամենը հրապարակում է այդ փոփոխությունները»:

Առաջարկը առանց ընդդիմադիրների գումարված հանձնաժողովի նիտում ընդունվեց միաձայն:

Չնայած աշխատանքային օրվա ավարտին, երկրորդ ընթերցումը ևս կանցկացվի և կքվեարկվի:

XS
SM
MD
LG