Մատչելիության հղումներ

Ի սկզբանե կասկածներ կային, և այդպես էլ եղավ. Սեդա Սաֆարյանը՝ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու մասին


«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է՝ Վերաքննիչ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահին կալանքից ազատեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց:

Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, ով պնդում է՝ Վերաքննիչ դատարանում կա դատավորների խումբ, որը լավ հարաբերությունների մեջ է Քոչարյանի ռեժիմի հետ, և այս որոշումը սպասելի էր:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

Սեդա Սաֆարյան. – Ի սկզբանե այդ կասկածները կային, և կարելի է ասել՝ հիմնավոր կասկածի մակարդակով, որ [դատավոր] Արսեն Նիկողոսյանը կարող է նմանատիպ որոշում ընդունել, և կարևոր չէ, թե ինչ կարգի փաստարկներ էինք ներկայացնել: Եվ այդպես էլ եղավ:

Ես իրականում ինձ դատապարտում եմ, որ ի սկզբանե բացարկ չեմ հայտնել, և մինչև վերջ էլ իմ մեջ եղել է այդ բացարկ հայտնելու տրամադրվածությունը: Չեմ կարող ասել, թե իմ հայտնած բացարկը ինչպիսի արձագանք կստանար Արսեն Նիկողոսյանի մոտ, սակայն ամեն դեպքում, որպես արդյունավետություն, ես կարծում եմ, որ ես դա պիտի անեի:

Արսեն Նիկողոսյանը, երբ որ ուրբաթ օրը ես լսեցի, որ Արսեն Նիկողոսյանին է մակագրվել այս գործը, բազմաթիվ տեղերից արդեն նմանատիպ մեսիջներ կային, որ այո, ինքը կանի, ինքը կազատի, որովհետև Վերաքննիչ դատարանում կան դատավորների կայուն խումբ, ովքեր դա կանեն, որովհետև էդ դատավորները շատ լավ հարաբերության մեջ են Քոչարյանի և իր ռեժիմի և Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ, և ընդամենը դա ռեժիմով է պայմանավորված, ոչ թե նրանք էնպիսի դատավորներ են, որոնք դեմոկրատ դատավորներ են ու շատ, ասենք, գիտակ են, չէ, դրանով չի բացատրվում, որովհետև այդ նույն դատավորները ունեն շատ ավելի խայտառակ վճիռներ, այդ դատավորները նաև 2008-2009 թվականներին են մասնակցել մարտիմեկյան շատ գործերի լսումների, և, ըստ էության, նույն ազատությունը չեն ունեցել, ինչ հիմա դրսևորում են: Այսինքն՝ ասել, թե դա պայմանավորված էր դատավորով, էս պահի դրությամբ, ոչ, դա դրանով չի պայմանավորված, դա պայմանավորված է հին ռեժիմի հետ կախվածություն ունեցող դատավորների նման տրամադրվածությամբ:

Ասեմ, որ Նիկողոսյանին բավականին լուրջ փաստարկներ են ներկայացվել այն մասին, որ այո, արդարադատությանը խոչընդոտելու ռիսկերը մեծ են, գրավը և մնացած խափանման միջոցները ի զորու չեն կանխելու Ռոբերտ Քոչարյանի վարքը, և այս կապակցությամբ դատարանում հնչեցվել են հենց Ռոբերտ Քոչարյանի պահվածքին, նրա շրջապատի գործելակերպին վերաբերող փաստեր, ինչին դատավորը լուռ, ոչ միայն արձագանք չէր տալիս, այլ մի տեսակ վեճի մեջ էր մտնում մեր հետ: Եվ զարմանալիորեն, Գերմանիայի Դաշնությունից զանգեցին հայաստանցիներ, սփյուռք տեղափոխված մարդիկ, ովքեր շատ զայրացած էին և այդ հեռարձակումից որպես օբյեկտիվ դիտորդներ ստացան էն տպավորությունը, որ Արսեն Նիկողոսյանը կարծես Ռոբերտ Քոչարյանի երրորդ տղան լիներ, ոչ թե դատավոր, և դատական գործընթացներում ակնհայտորեն ցույց էր տալիս, որ այո, դա անելու է:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունիսի 21-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG