Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը երկու միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի


Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ, 18-ը հունիսի, 2020թ.
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ, 18-ը հունիսի, 2020թ.

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով ազատ կարձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մասնակի բավարարեց մոտ մեկ տարի անընդմեջ կալանքի տակ գտնվող պաշտոնաթող նախագահի փաստաբանների դիմումը։

Դատավոր Արսեն Նիկողոսյանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը. «Ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացնել և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը 2 միլիարդ դրամի չափով: Գրավի սահմանված գումարը վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվեհամարին մուծելուց հետո ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին ազատել արգելանքից»:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այսօրվա որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ ատյան։

Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի այն ժամանակ, երբ վճարի 2 միլիարդ դրամը, որը համարժեք է ավելի քան 4 միլիոն դոլարի։ Երեկ նա դատարանում հայտարարել էր, որ իր ողջ գույքը կալանքի տակ է և որ պետք է գրավադրի իր զավակների գույքը։ Այսօր ավելի վաղ՝ նախքան որոշման հրապարակումը, նրա փաստաբանները դատարանին էին ներկայացրել Լևոն և Գայանե Քոչարյանների՝ մոտ 700 միլիոն դրամ արժողությամբ գույքը որպես գրավ ընդունելու միջնորդությունը։

Հարցին, թե ինչպե՞ս են վճարելու ավելի քան 4 միլիոն դոլարը, փաստաբան Արամ Վարդևանյանը պատասխանեց. «Մենք խոսում էինք անշարժ գույքի մասին գրավի, դա ոչ թե պետք է, այսպես կոչված, հենց գումարային ելակետով դիտարկեք, այլ առհասարակ անշարժ գույքի: Ամեն դեպքում գրավը սահմանվել է գումարային թիվը, թե դրա վերաբերյալ ինչպես կլինի այդ գործընթացը, կարծում եմ՝ պետք է հաշվի առնենք, որ նոր է բավարարվել, պետք է փոխանցվի վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվեհամարին, այդ պահից սկսած արդեն կալանավորումը որպես խափանման միջոց այլևս չպետք է կիրառվի Ռոբերտ Քոչարյանի գործի տրամաբանության մեջ»:

Անցած տարի հունիսին վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանավորված նախկին նախագահի փաստաբաններն իրենց գոհունակությունը հայտնեցին Արսեն Նիկողոսյանի կայացրած որոշման առնչությամբ, որը դատավոր է նշանակվել 2016 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով։

«Ուզում եմ ընդգծել նաև, որ այս ժամանակահատվածում, այսքան ժամանակվա մեջ առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դատավոր վերաքննիչ քրեական դատարանում պարոն Ազարյանից հետո, ըստ էության, քննություն կատարեց Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ խափանման միջոցի հետ կապված և գտավ, որ մեր ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է բավարարվի: Իհարկե, պետք է նշել, որ թիվը, որը սահմանվեց 2 միլիարդ դրամ գրավը, կարելի է ասել՝ Հայաստանի Հանրապետության մեջ չափը որպես այդպիսին աննախադեպ է: Կտեսնենք, իհարկե, արդեն հետագա զարգացումները», - ասաց Վարդևանյանը:

Հարցին, եթե Քոչարյանները չվճարեն այս գումարը, արդյո՞ք դա նշանակում է, որ անազատության մեջ գտնվող Քոչարյանը կմնա կալանքի տակ, փաստաբանը պատասխանեց. «Պետք է գրավի չափի հետ կապված բողոքարկում լինի»:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող երկրորդ նախագահի և նրա երեք նախկին ենթակաների՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործը քննող առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ին մերժել էր Քոչարյանին ազատել կալանքից։ Նրա ազատության համար երաշխավորել էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին չորս վարչապետները։ Առաջին ատյանի դատարանը Քոչարյանին ազատ չէր արձակել նաև գրավի դիմաց։

Երկրորդ նախագահի փաստաբանները, որոնց նմանատիպ բողոքները մեծամասամբ մերժվել են, այսօր վերաքննիչ քրեական դատարանում կրկին պնդեցին՝ ազատության մեջ Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ։ Ըստ փաստաբանների, 65-ամյա Քոչարյանը խոցելի տարիքային խմբում է և կորոնավիրուս համաճարակի պայմաններում անթույլատրելի է նրան բանտում պահելը։ 1998-2008 թվականներին Հայաստանը ղեկավարած Քոչարյանը, որ մեկուկես ամիս առաջ վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ու համաձայն վարչական դատարանի որոշման՝ մինչև կորոնավիրուսային համավարակի ավարտը կարող է մնալ այդ հիվանդանոցում, երեկ կարճ ժամանակով եկել էր դատարան։ Նա հավաստիացրեց, որ իր խոսքի տեր մարդ է, պատասխանատվությունից չի խուսափում և որ ազատության մեջ խոչընդոտներ չի ստեղծի։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր մինչև որոշման հրապարակումը «Ազատության» հետ զրույցում շեշտել էր՝ ո՛չ գրավը, ո՛չ անձնական երաշխավորությունը չեն կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը ազատության մեջ։

«Անձնական երաշխավորության դեպքում անձանց հեղինակությունը և ոչ էլ գույքի դեպքում դրա արժեքը մանրամասն չենք քննարկել, դրա հետ կապված փաստարկներ չենք էլ ներկայացրել, որովհետև իմ համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը չի կարող ապահովել ոչ 20 միլիոն դրամանոց գույքը և ոչ էլ 600 միլիոն դրամից ավելի արժեք ունեցող գույքը, որը այսօր ներկայացվեց», - նշեց Բաղդասարյանը:

Քոչարյանը առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսին, երբ նրան մեղադրանք առաջադրվեց, ապա ազատ արձակվեց օգոստոսի 13-ին՝ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ։ Երկրորդ անգամ կալանավորվեց 2018 թվականի դեկտեմբերին, հետո ազատ արձակվեց 2019-ի մայիսին՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ։ Այս որոշումը, ինչպես և առաջինը բողոքարկվեց և Քոչարյանը կրկին կալանավորվեց 2019-ի հունիսին։ Սա փաստորեն երրորդ դեպքն է, երբ դատարանի որոշմամբ նախկին նախագահն ազատ է արձակվում։

XS
SM
MD
LG