«Աշխարհը մուտք է գործել նոր, վտանգավոր մի փուլ». ԱՀԿ ղեկավար
«Կորոնավիրուսը չի նահանջում», - պնդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարությունը։ Կառույցի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն այս մասին հայտարարեց ուրբաթ երեկոյան Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Համաճարակը տարածվում է։ Վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուսի 150 հազար նոր դեպք է արձանագրվել։ Դա համաճարակի ընթացքում արձանագրված ամենաբարձր օրական ցուցանիշն է։ Գրանցված դեպքերի գրեթե կեսը արձանագրվել է ամերիկյան մայրցամաքում, Հարավային Ասիայում և Մերձավոր Արևելքում։ Աշխարհը մուտք է գործել նոր, վտանգավոր մի փուլ։ Բազմաթիվ մարդիկ հասկանալիորեն հոգնել են տանը մնալուց։ Հասկանալի է նաև, որ շատ պետություններ ցանկանում են վերագործարկել իրենց տնտեսությունները, սակայն վիրուսը շարունակում է արագորեն տարածվել։ Այդ վիրուսը շարունակում է մահացու վտանգ ներկայացնել, և մարդկանց մեծամասնությունը դեռևս ընկալունակ է այս հիվանդության հանդեպ», - հայտարարում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։
Բրազիլիայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը արագորեն մոտենում է 50 հազարին
Իրավիճակը շարունակում է խիստ ծանր մնալ Բրազիլիայում։ Վարակակիրների թիվն այստեղ հատել է մեկ միլիոնի շեմը, մահացության ցուցանիշը արագորեն մոտենում է 50 հազարին։ Բրազիլացի որոշ գիտնականների պնդմամբ, սակայն, վարակակիրների իրական թիվը կարող է երեք անգամ տասը միլիոնի հասնել։ Չնայած դրան, դաշնային իշխանությունները, նախագահ Ժաիր Բոլսոնարույի գլխավորությամբ, հրաժարում են լիարժեք կարանտին հայտարարել՝ թուլացնելով անգամ գործող կցկտուր սահմանափակումները։
Այսպես, իշխանությունների որոշմամբ հունիսի 19-ին վերսկսվեց Բրազիլիայի ֆուտբոլի առաջնությունը: Ֆուտբոլային առաջին հանդիպումները, սակայն, ուղեկցվում էին երկրպագուների բողոքի ակցիաներով։
«Առաջնության վերսկսումը մենք գնահատում ենք որպես այս կառավարության ֆաշիստական անպատասխանատվության ևս մեկ վառ դրսևորում։ Այս կառավարությանը ոչ թե ժողովրդի վիճակն է հուզում, այլ տնտեսական կացությունը։ Կառավարության քաղաքականությունը կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ՝ «մարդկային կյանքեր՝ տնտեսության դիմաց», - նշում է «Ֆլամենգո» ակումբի երկրպագուներից մեկը։
Ռուսաստանում վերսկսված ֆուտբոլի մրցաշարի առաջին փուլը ուղեկցվեց սկանդալով
Ռուսաստանում ևս, չնայած համաճարակաբանական ծանր կացությանը, որոշում կայացվեց վերսկսել ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը։ Նախօրեին վերսկսված մրցաշարի առաջին իսկ փուլը, սակայն, ուղեկցվեց սկանդալով։ Պատճառը առաջնության առաջատարներից մեկի՝ «Ռոստով»-ի կազմում արձանագրված կորոնավիրուսի բռնկումն էր։
Ռուսաստանյան մարզական մամուլի տեղեկություններով՝ «Ռոստով»-ի «զրոյական վարակակիրը» թիմի հայազգի խաղացող, 1992 թվականին Տավուշի մարզի Կոթի գյուղում ծնված Խորեն Բայրամյանն էր։ Ըստ թիմի ավագ մարզիչ Վալերի Կապինի, հենց Բայրամյանն էր վարակել «Ռոստով»-ի հիմնական կազմի վեց խաղացողներին, որից հետո ակումբը ամբողջ կազմով ենթարկվել էր կարանտինի։
Հիվանդության բռնկումը արձանագրվել էր «Սոչի»-ի հետ հանդիպումից մեկ օր առաջ, և «Ռոստով»-ի ղեկավարությունը դիմել էր մրցակիցներին՝ խաղը հետաձգելու խնդրանքով։ «Սոչի»-ի սեփականատեր, նախագահ Պուտինի մանկության ընկեր Բորիս Ռոտենբերգը, սակայն, ռոստովցիների խնդրանքը կտրականապես մերժել էր։
Որպես հետևանք ուրբաթ երեկոյան «Սոչի»-ի հետ մրցում էր «Ռոստով»-ի երիտասարդական կազմը, որի միջին տարիքը չէր գերազանցում 17-ը։ Եվ չնայած ռոստովցի պատանիները պարտվեցին 9 գնդակի տարբերությամբ, անցած գիշեր նրանց քաղաքի մատույցներում դիմավորում էին ինչպես իսկական հերոսների։ Պատանի ֆուտբոլիստներին հերոս էր անվանել նաև «Ռոստով» ֆուտբոլային ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանցը։
Մեծ Բրիտանիայում շարունակում են թուլացնել կարանտինային սահմանափակումները
Իսկ ֆուտբոլի հիմնադիրները՝ բրիտանացիները շարունակում են թուլացնել կարանտինային սահմանափակումները։ Բորիս Ջոնսոնի կառավարությունը հայտարարում է, որ հանրակրթական դպրոցները սեպտեմբերից կվերսկսեն բնականոն գործունեությունը։ Դրան զուգահեռ կառավարությունը կոչ է անում չթուլացնել զգոնությունը։
«Վարակի նոր դեպքերի թիվը շարունակաբար նվազում է, բայց դա չի նշանակում, որ համաճարակն այլևս անցյալում է։ Վիրուսը շարունակում է շրջանառվել և դեռ կարող են տեղայնացված բռնկումներ արձանագրվել», - Լոնդոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի կրթության նախարար Գևին Վիլյամսոնը։
Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի համաճարակից ամենաշատ տուժած պետությունների թվում է, այստեղ կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 42 հազար մարդ է մահացել։ Բրիտանական մամուլը սակայն պնդում է, որ կառավարությունը համաճարակի ամենաթեժ շրջանում հրավիրվող ամենօրյա ճեպազրույցների ընթացքում հանրությանն է ներկայացրել մահացությունների ոչ ամբողջական պատկերը։
«Ապրիլին երեք շաբաթ շարունակ ամեն օր առնվազն հազար մարդ է մահացել կորոնավիրուսից։ Կառավարության ներկայացուցիչները, սակայն, արհեստականորեն նվազեցրել են այդ ցուցանիշը՝ ներկայացնելով բացառապես հիվանդանոցներում մահացածների տվյալները և ամենօրյա ամփոփագրերից դուրս են թողել ասենք ծերանոցներում մահացածների վիճակագրությունը», - գրում է The Guardian-ը՝ կոնկրետ օրինակներ բերելով:
«Այսպես, ապրիլի 5-ին արտգործնախարար և այդ պահին վարչապետի պարտականությունները կատարող Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսից 439 մարդ է մահացել։ Իրականում այդ օրը կորոնավիրուսից Միացյալ Թագավորության տարածքում եռապատիկ ավելի մարդ է մահացել` ավելի քան 1200», - գրում է լոնդոնյան պարբերականը։