Մատչելիության հղումներ

Ամերիկացի սոցիոլոգները Ջոզեֆ Բայդենի վարկանիշի կտրուկ աճ են արձանագրել


ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ընտրարշավի ժամանակ, հունիս, 2020թ.
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ընտրարշավի ժամանակ, հունիս, 2020թ.

Միացյալ Նահանգներում նոյեմբերի 3-ին նշանակված նախագահական ընտրություններից մոտ հինգ ամիս առաջ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենի վարկանիշը կտրուկ աճ է արձանագրել։ Դա են վկայում Reuters գործակալության և IPSOS սոցիոլոգիական ծառայության կողմից հունիսի 10-16-ը անցկացված հետազոտության արդյունքները։

Դրանց համաձայն՝ այսօր Բայդենի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացի ընտրողների 48, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտին՝ շուրջ 35 տոկոսը։ Դա, ըստ հետազոտության հեղինակների, Թրամփի հանդեպ Բայդենի արձանագրած ամենամեծ առավելությունն է 2020 թվականի ողջ ընտրարշավի ընթացքում։

Սոցիոլոգների պնդմամբ՝ Թրամփի վարկանիշի անկում է նկատվում նաև նրա ավանդական ընտրազանգվածի շրջանում։ «Մարտ ամսից ի վեր Թրամփի վարկանիշը հանրապետականների շրջանում նվազել է 13 տոկոսով», - վկայակոչելով հարցման արդյունքները՝ հաղորդում է Reuters-ը։

Դրա հետ մեկտեղ, ըստ հարցման արդյունքների, ամերիկացիների մեծամասնությունը համոզված է, որ տնտեսական հարցերում Թրամփն ի վիճակի է ավելի լուրջ հաջողություններ արձանագրել, քան Բայդենը։ «Թրամփի տնտեսական ծրագիրը դրական է գնահատել հարցվածների 43, իսկ Բայդենինը՝ 38 տոկոսը», - նշում են սոցիոլոգները։

XS
SM
MD
LG