ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով վերսկսելու է նախագահական ընտրությունների քարոզարշավը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով եռամսյա դադարից հետո նախընտրական առաջին հանդիպումը Թրամփը նախատեսում է անցկացնել հունիսի 19-ին, Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում։
Հանդիպման վայրն ու ժամկետը պատահական չեն ընտրված, դրանք նշանակալից են ԱՄՆ-ի պատմության համար։ 1921 թվականին Թալսայում սպիտակները հարձակվել էին սևամորթ քաղաքացիների վրա, այդ դեպքերը հիշվում են որպես Թալսայի կոտորած։
Իսկ հունիսի 19-ը ԱՄՆ-ում սևամորթների ստրկությունից ազատագրվելու օրն է, 1865 թվականին։
Նախագահական ընտրություններում Թրամփի հակառակորդ Ջո Բայդենի քարոզարշավի մամուլի խոսնակը Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ամսաթվի և վայրի ընտրությունը «ռասիստական» է համարել։ Իր կարծիքը նա գրել է Թվիթերում։