Դաղստանում ադրբեջանցիների և ռուս իրավապահների միջև տեղի ունեցած բախումների գործով հարուցվել է քրեական գործ, շուրջ մեկ տասնյակ ադրբեջանցիներ ձերբակալվել են:
Դաղստանի իրավապահների պնդմամբ, անկարգությունների ընթացքում տուժել է ինը ոստիկան: Ձերբակալվածներին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում։
Ադրբեջանին սահմանակից Դաղստանի մերձակա գյուղերից մեկում մոտ չորս ամիս հայրենիք վերադառնալուն սպասող հարյուրավոր ադրբեջանցիներ կիրակիը օրը փորձել են հատել սահմանը`բախվելով ռուսաստանցի իրավապահների կոշտ դիմադրությանը: Ըստ Դաղստանի պաշտոնական աղբյուրների, բախումների ընթացքում վնասվածքներ է ստացել 9 ոստիկան, վնասվել է հինգ ծառայողական մեքենա: Ադրբեջանական կողմի փոխանցմամբ, ոստիկանական գործողությունների հետևանքով վնասվածքներ են ստացել նաև մի խումբ ադրբեջանցիներ։
Ադրբեջանական սահմանը հատելու փորձը կասեցվել էր ռուսաստանցի ուժայինների կողմից օդ արձակված ավտոմատային կրակահերթերից հետո, ինչից հետո գործի են դրվել նաև Ռոսգվարդիայի ստորաբաժանումներ: Գվարդիականները մահակներով, արցունքաբեր գազ կիրառմամբ ի վերջո ցրել են բողոքի ակցիան և վրանային ճամբար ուղարկել Դաղստանում ապաստանած ադրբեջանցիներին:
Ապրիլի սկզբից Ռուսաստանի մաս կազմող Դաղստանի հարավում շուրջ վեց հարյուր ադրբեջանցիներ սպասում են հայրենի սահմանների բացմանը: Այստեղ ձևավորված վրանային ավանում իրադրությունը ժամանակ առ ժամանակ սրվում է, «Թուրան» գործակալության փոխանցմամբ, շատերը շաբաթներ ի վեր գիշերում են բաց երկնքի տակ, նրանց մի մասը, չկարողանալով դիմանալ անտանելի պայմաններին, ստիպված վերադարձել են Ռուսաստան:Աանցած ամիս սահմանի բացմանը սպասողներից մեկը մահացել էր: Ադրբեջանական իշխանությունները, սակայն, հրաժարվում են ընդունել սեփական քաղաքացիներին, այդ թվում կանանց եւ երեխաների` մտավախություն ունենալով, որ նրանց շրջանում կարող են վարակակիրներ լինել։
Պաշտոնական Բաքուն սահմանին տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ բավարարվել է ափսոսանք հայտնելով: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը նախօրեին հայտարարել է, որ հայրենակիցները նախ պետք է հետևեն գործող կանոններին և չխանգարեն պետական կառույցների աշխատանքին: Կրեմլն իր հերթին է հանդես եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ հասկանում են Դաղստանում առաջացած դժվարություններն ու արդյունքում ստեղծված իրավիճակը:
«Մենք հասկանում ենք այնտեղ առկա դժվարություններ, այնտեղ շարունակվում է ավելի ուժեղ ինքնամեկուսացման ռեժիմ, սակայն շփումները շարունակվում են, և մենք հույս ունենք, որ արդյունքում կգտնվեն լուծումներ, որոնք թույլ կտան լուծել խնդիրը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները թեման քննարկել են, սակայն հրաժարվել է մեկնաբանել ադրբեջանական կողմի գործողությունները: