Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցեց ութ միլիոնը


Մեծ Բրիտանիա - Մայրաքաղաք Լոնդոնում փակ տարածք մտնելուց առաջ պարտադիր ջերմաչափում են, 15-ը հունիսի, 2020թ.

Աշխարհի բնակչության գրեթե 22 տոկոսն ունի առնվազն մեկ հիվանդություն, որը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների կորոնավիրուսով վարակման դեպքում, ասվում է Lancet ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ: Հեղինակները ամփոփել են 188 երկրներից հավաքագրված տվյալներ:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է ութ միլիոնը, մահերինը` 441 հազարը: Ամենաշատ նոր դեպքեր և մահեր շարունակում են գրանցվել Միացյալ Նահանգներում: Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալների` զոհերի թիվը մոտ 117 հազար է: Սա գերազանցում է Առաջին համաշխարհային պատերազմում զոհված ամերիկացիների թիվը, նաև 1918 թվականի գրիպից զոհվածների թվի ավելի քան կեսն է:

ԱՄՆ-ում շատ բիզնեսներ շարունակում են վերաբացել նույնիսկ այն դեպքում, երբ ամեն օր հաստատվում է COVID-19-ի շուրջ 23 հազար նոր դեպք: Վերջին երկու շաբաթվա ընթացքում շուրջ 20 նահանգներում գրանցվել է նոր դեպքերի թվի աճ:

Վարակվածների և մահացածների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է. անցած 24 ժամվա ընթացքում այստեղ գրանցվել է օրվա կտրվածքով նոր դեպքերի «ռեկորդային» աճ` գրեթե 35 հազար, բայց իշխանություններն ասում են, որ իրավիճակը վերահսկվում է:

Ենթադրվում է, որ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ ոչ բոլորի մոտ են ախտանշաններ ի հայտ գալիս, և նրանք փաստորեն թեստավորում չեն անցնում:

XS
SM
MD
LG